Հեղինե Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը` ժամը 00:00-01:00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքում գտնվող տանը, նույն տան բնակիչ Մաքսիմ Կլիմովին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մի քանի անգամ դանակով, կացինով և լինգով հարվածներ է, վերջինիս հասցնելով մարմնական տարբեր վնասվածքներ, արդյունքում Մաքսիմ Կլիմովը մահացել է: Բացի այդ՝ 2017թ. սեպտեմբերի 1-ին կատարել է սուտ մատնություն:
Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ:
Ըստ գործի նյութերի՝ 2016թ. ամուսնալուծվել է և վերադարձել Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում գտնվող հայրական տուն, ծնողներն իրեն չեն ընդունել և ստիպված աշխատանք փնտրելու համար գնացել է Ստեփանավան քաղաք:
2017թ. հունիս-հուլիս ամիսներին ծանոթացել է Ստեփանավան քաղաքի Սյուզաննա Հովհաննիսյանի հետ և խնդրել է նրան թույլատրել որոշակի ժամանակ բնակվել իր տանը: Հեղինե Հովհաննիսյանն օգնել է իրեն և թույլատրել ամուսնու` Մաքսիմ Կլիմովի և անչափահաս դստեր` Մառա Լազարբիձեի հետ բնակվել իր տանը, որից հետո ինքը տեղափոխվել է նշված տուն:
Դրանից մի քանի օր անց Սյուզաննա Հովհաննիսյանը վիճաբանել է ամուսնու՝ Ալեքսանդր Կլիմովի հետ և հեռացել տանից, իսկ ինքը շարունակել է բնակվել նույն տանը, որի ընթացքում Մաքսիմ Կլիմովի հետ երբեմն իր կամքով ունեցել է սեռական հարաբերություն, սակայն հետագայում կասկածելով, որ նա կարող է վեներական հիվանդություն ունենա, չի ցանկացել այլևս նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն շարունակել է բնակվել նրա տանը: 2017թ. օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը, ժամը 00:00-ի սահմաններում, սովորականի պես եղել է քնած, երբ Մաքսիմ Կլիմովն ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է տուն ու պահանջել, որ իր հետ ոչ բնական ճանապարհով ունենա սեռական հարաբերություն, սակայն ինքը մերժել է նրան, որից հետո Մքասիմ Կլիմովը ձեռքերով հարվածներ է հասցրել իր աջ և ձախ կողերին, քաշել մազերից, մի քանի ապտակներ հասցրել դեմքին, ապա իր կամքին հակառակ գցել է անկողնու վրա, հանել շորերը, որի պատճառով էլ հենց Մաքսիմ Կլիմովի դանակով նրան անկողնու մեջ մի քանի հարվածներ է հասցրել, ապա հարվածել է կացինով և լինգով ու տեղում սպանել նրան, որից հետո արթնացրել է նույն սենյակում քնած Մարիա Լազարբիձեին և առաջարկել օգնել իրեն, Ալեքսանդր Կլիմովի դիակը տանից տեղափոխել: Միասին դիակը տեղափոխել են տան հետնամասում գտնվող նկուղ և թաքցրել այնտեղ:
Վկայության ժամանակ ամբաստանյալը պատմել է, որ մինչ այդ քնած է եղել Մարիայի հետ նույն անկողնում: Նույն սենյակում էր գտնվում նաև Մաքսիմի մահճակալը: Մքասիմը բարձով փակել էր իր բերանը, որ Մարիան իր ձայնը չլսի ու չարթնանա: Մաքսիմ Կլիմովը ցանկացել է ուժով իրեն տիրանալ, փորձում էր ստիպել, որ այնպիսի սեռական հարաբերություն ունենա ինչպիսին ինքն է ուզում: Թուլանալով նրա ապտակներից վերցրել է Մաքսիմի մահճակալի կողքի աթոռին դրված դանակը և դրանով մի քանի անգամ հարվածել նրան: Դրանից հետո չի հասկացել թե ինչ է անում, չի հասկացել, թե ինչպես է նրան սպանել: Բայց հիշում է, որ նրան կացինով չի հարվածել: Նախաքննության ժամանակ ցուցմունք տալիս եղել է հուզված, ոչ ադեկվատ վիճակում, և երբ քննիչն ասել է, որ կացինով էլ է խփել Մաքսիմին, համաձայնվել է և ասել, որ այո, կացինով էլ է խփել: Սպանելուց հետո դիակը մենակ քարշ տալով տարել, պահել է, չի ստիպել կամ սպառնացել Մարիային, որ իրեն օգնի: Մարիայի հոգեկան վիճակը հասկանալով սենյակից հանել է, որ չտեսնի ու չվախենա: Դիակը քցել է ծածկոցին, ոտքերից թել է կապել և քաշելով տարել արհեստանոցի մոտի սենյակ: Դրանից հետո հետ է գնացել տուն և մաքրել արյունը: Այդ ամենը կատարել է միայնակ: Այդ ժամանակ Մարիան եղել է խոհանոցում, թույլ չի տվել, որ նա որևէ բանի կպչի: Դեպքից հետո աշխատանքի չի գնացել, բայց եղել են դեպքեր, որ ինքը գնացել է խանութ, իսկ Մարիան մնացել է տանը: Նրա համար ճաշ է պատրաստել: Իսկ սեպտմբերի 1-ին Մարիայի հետ գնացել են Վանաձոր, այնտեղ հանդիպել իր վաղեմի ծանոթ Հայկոյի հետ, սրճարան գնացել, ապա վերադարձել են Ստեփանավան: Հայկոն ուղեկցել է իրենց: Ստեփանավանում հանդիպել են Սյուզաննայի հորը, վերջինիս հետ էլ գնացել է Մարիան:
Ամբաստանյալը նշել է, որ հարցաքննության ժամանակ լարված վիճակում է եղել, և երբ քննիչները պնդում էին, որ Սյուզաննան չկա ու ասում էին, որ տեղն ասի, ինքն ասում էր որ նա ողջ առողջ է, բայց հարցերի ճնշման ներքո ասել է, որ նրան Մաքսիմ Կլիմովը սպանել է, իսկ դիակը պահել է Ստեփանավան քաղաքի ձորի մոտակայքում և ոստիկաններին ուղեկցել է այնտեղ, առանց հասկանալու, թե ինչ է ասում: Սակայն ոստիկանները պարզել են, որ այնտեղ կնոջ դիակ չկա, հետո այլ վայր է ցույց տվել, որտեղ թաղված է եղել իր դուստրը:
Տուժողի իրավահաջորդ Սյուզաննա Հովհաննիսյանը նախաքննության ժամանակ ցուցմունքներ է տվել այն մասին որ շուրջ 4 տարի Մաքսիմ Կլիմովի հետ գտնվել է փաստական ամուսնական փոխհարաբերությունների մեջ ու դստեր՝ Մարիա Լազարբիձեի հետ բնակվել է Մաքսիմ Կլիմովին պատկանող Ստեփանավան քաղաքի տանը: 2017թ. հուլիս ամսին ծանոթացել է Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակչուհի Հեղինե Գալստյանի հետ, որը հայտնել է, որ աշխատանք և բնակության վայր չունի ու խնդրել է թույլատրել որոշակի ժամանակ բնակվել իրենց տանը: Ինքն ամուսնուն՝ Մաքսիմ Կլիմովին առաջարկել է թույլատրել Հեղինե Գալստյանին բնակվել իրենց հետ, որից հետո վերջինս տեղափոխվել է իրենց տուն և բնակվել այնտեղ: Շուրջ մեկ ամիս անց վիճաբանել է Կլիմովի հետ և տանից հեռացել: 2017թ. սեպտեմբերի 2-ին ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ տեղեկացել է, որ Հեղինե Գալստյանը սպանել է Մաքսիմ Կլիմովին: Կլիմովը եղել է հանգիստ բնավորության տեր անձնավորություն, ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունենալու հակումներ չի ունեցել, երբևէ իրեն նման առաջարկ չի արել: Դատաքննության ժամանակ Սյուզաննա Հովհաննիսյանը ցուցմունք տվեց այն մասին, որ մահացածի հետ գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ և համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեխա, սակայն նա մահացել է:
Ֆատարանը Հեղինե Գալստյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 10 տարի ժամկետով: Խափանման միջոցը` կալանավորումը, թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Պատժի սկիզբը հաշվել 2013թ. սեպտեմբերի 01-ից: Հեղինե Գալստյանը պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան ՔԿՀ-ում:
Ծանուցում. Նյութը վերցված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, իսկ անունները փոփոխված են: