Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, դատավոր՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:
Նիստին 9 ամբաստանյալներից ներկա էր միայն Հովհաննես Պետրոսյանը, մյուսներն անցած դատական նիստերի ժամանակ հեռացվել էին դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:
Նախորդ նիստին, դատավոր Գրիգորյանը Ներսես Պողոսյանի և Ժիրայր Սեֆիլյանի համար Հանրային պաշտպան էր նշանակել Մարինե Թովմասյանին, ով նիստը սկսվելուն պես հանդես եկավ հայտարարությամբ:
«Ես հանդիպել եմ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի հետ, ով ինձ հայտնեց, որ ունի պաշտպաններ և հրաժարվում է հանրային պաշտպանի իմ ծառայությունից: Սեֆիլյանը նույնպես հրաժարվեց իմ պաշտպանությունից, անգամ չտեսակցեց ինձ հետ, սակայն, նշել էր, որ դա կապված չէ իմ անձի հետ, ուղղակի ինքը հանրային պաշտպանների կարիք չունի: Այս ամենը հաշվի առնելով, առանց նրանց համաձայնության և ցանկության, ես չեմ կարող իրականացնել վերջիններիս շահերի պաշտպանությունը: Բացի այդ, դեռևս վերջնական չեմ ծանոթացել գործին, չնայած, եթե ընթերցեմ էլ՝ կկարդամ, որպես գեղարվեստական գիրք»:
Նախագահող դատավորը հարկ համարեց պաշտպանին ներկայացնել իր լիազորությունները, շեշտելով, որ ամբաստանյալների հրաժարվելը դեռևս չի նշանակում, որ հանրային պաշտպանը կարող է հրաժարվել գործի քննությունից: Մարինե Թովմասյանը միջնորդություն ներկայացրեց, որ ամբաստանյալները ներկա լինեն նիստին, սակայն, դատավորը մերժեց միջնորդությունը՝ պարզաբանելով, որ ամբաստանյալները դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով սանկցիայի են ենթարկվել և հեռացվաել նիստերի դահլիճից:
Ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի պաշտպան Կարեն Հակոբյանը ևս միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ գրավի դիմաց ազատ արձակել կամ փոխել խափանման միջոց կալանքը:
«Իմ պաշտպանյալը առողջական լուրջ խնդիրներ ունի: Նրա ստամոքսի 2/3-ը հեռացված է, ունի խոց, որն արդեն ենթակա չէ վիրահատման: Հիվանդությունները ստացել է մարտական ճանապարհ անցնելու ժամանակ. մասնակցել է 1992թ ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին, եղել է ջոկատի հրամանատար»:
Դատարանը քննեց ներկայացված միջնորդությունը, ապա՝ մերժեց, ինչը բողոքի ալիք բարձրացրեց նիստերի դահլիճի քաղաքացիների համար նախատեսված հատվածում, որից հետո ամբաստանյալների հարազատները լքեցին դատարանը:
Հիշեցնենք, որ Սասունիկ Դավթի Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զիված կազմակերպված խմբի կազմում, ապօրինի կերպով պահել և փոխադրել է ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն և ռազմամթերք` նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ: Սասունիկ Կիրակոսյանը գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու իրական հնարավորությունը, կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից, ապա հրաժարվել ինչպես ենթախմբին անդամակցելուց, այնպես էլ հանցագործությունն ավարտին հասցնելուց:
Դատարանին են ներկայացվել փաստաբաններ Արայիկ Պապիկյանի և Հայաստանում Լիբանանի դեսպանատան դիմումն առ այն, որ դատարանը վերանայի Սեֆիլյանին տեսակցելու արգելքի որոշումը:
Միջնորդություն է ներկացրել «Ելք» խմբակցությունը՝ Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ: Դատարանը նշեց, որ միջնորդություն կարող են ներկայացնել միայն դատավարական կողմերը, ուստի մերժեց այն:
Փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Տիգրան Հայրապետյանը դիմում էին ներկացրել դատարանին, խնդրելով տրամադրել նիստերի արձանագրության կրիչը, ինչին ի պատասխան, դատավոր Գրիգորյանը հայտարարեց, որ դիմումը թերի է՝ պակասում է անդորրագիրը:
Նախագահող դատավորը նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ ներկայացված չէ միջնորդություն՝ քննության առնել Ժիրայր Սեֆիլյանին տեսակցելու արգելքը վերանայելու որոշումը, որոշում է բավարարել արգելքը հանելու որոշումը:
«Դատարանը համապատասխան գրություն կուղարկի «Արմավիր» ՔԿՀ պետին, որով կթույլատրվի տեսակցել և խոսել ամբաստանյալ Սեֆիլյանի հետ»:
Մեղադրող կողմեր Պետրոսյանը և Ենոքյանը դատարանին ներկայացրին ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները: Նիստերի դահլիճում գտնվող ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը նշեց, որ իր համար պարզ է առաջադրված մեղադրանքը:
Դատարանն արձանագրեց, որ ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի նկատմամբ կիրառված սանկցիայի ժամկետն արդեն լրացավ և դահլիճ բերվեց ամբաստանյալը:
Սեֆիլյանի և մյուսների քրեական գործը մտավ դատաքննության փուլ:
Մեկ այլ գործով ամբաստանյալ Աշոտ Գուգուշյանը դատական դահլիճ բերվեց որպես այս գործով վկա:
Մեղադրող կողմը դատարանին ներկայացրեց միջնորդություն, համաձայն որի արգելեն լրատվամիջոցներին տեսանկարահանել դատաքննության փուլը: Պաշտպանական կողմը չառարկեց միջնորդությանը: Դատավոր Գրիգորյանը բավարարեց միջնորդությունը և պահանջեց լրատվամիջոցներին, որ անջատեն բոլոր տեսախցիկները:
Վկա Գուգուշյանը հրաժարվեց ցուցմունք տալ, մեղադրող կողմի հարցերին պատասխանել՝ ևս: Հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, համաձայն որի, վերջինս տեղյակ չի եղել, որ Ժիրայր Սեֆիլյանը և Հրայր Թոփչյանն իր մեքենայի բեռնախցիկում զենք են տեղափոխում:
«Հրայրին ճանաչում եմ երկար ժամանակ, իր հետ շինարարություն էինք անում: Այդ օրը, երբ Հրայրն ինձ զանգեց և ասաց, որ մեքենայով ինչ-որ բան պետք է տեղափոխվի, իմ մտքով էլ չէր անցնում, որ խոսքը հրազենի և փամփուշտների մասին է, ես գիտեի բեռնախցիկում շինարարական գործիքներ են»,- ցուցմունքում նշել էր վկան:
Վկան հեռացավ նիստերի դահլիճից, որից հետո նիստը մեկ շաբաթով հետաձգվեց: Քրեական գործի քննությունը կշարունակվի սեպտեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:
Նյութը՝ Ռոզա Վարդանյանի