«Ռուսաստանն անտեսում է Միջազգային դատարանի կայացրած որոշումները»․ Պորոշենկո

2016 թվականին Ուկրաինան բողոք է ներկայացրել Ռուսաստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռուսաստանի Դաշնության կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում թաթար ժողովրդի իրավունքները խախտելու և Ղրիմի թաթարների Մեջլիսի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։Այս տարվա հուլիսի 19-ին Միջազգային դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ մինչև 2019 թվականի հունվարի 18-ը Ռուսաստանը պարտավոր է զեկույց ներկայացնել՝ ղրիմ-թաթարական Մեջլիսի գործունեության արգելքը վերացնելու համար իր կողմից իրականացված հստակ գործողությունների վերաբերյալ։ Ավելի վաղ՝ 2017 թվականի ապրիլի 19-ին, Միջազգային դատարանը կարգադրել էր Ռուսաստանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ղրիմի Մեջլիսի գործունեությունը վերսկսելու համար։ Մասնավորապես՝ Միջազգային դատարանը կարգադրել էր վերացնել Ղրիմի թաթարների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառված բոլոր սահմանափակումները, վերականգնել Ղրիմում Մեջլիսի գործունեությունը և Ղրիմի թաթարների համար կյանքի և գործունեության բնականոն պայմաններ ապահովել։ Այնուամենայնիվ, Միջազգային դատարանի կայացրած որոշումներն իրագործելու համար Ռուսաստանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել։

Օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին ելույթ ունենալու ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է անտեսել Միջազգային դատարանի կայացրած որոշումը՝  ղրիմ-թաթարական Մեջլիսի գործունեության արգելքը վերացնելու վերաբերյալ։ Պորոշենկոն իր վրդովմունքն է հայտնել այն կապակցությամբ, որ Ռուսաստանի իշխանությունները անհարգալից վերաբերմունք են դրսևորում ՄԱԿ-ի հիմնական մարմնի նկատմամբ։ Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ ՄԱԿ-ի դատարանը մի քանի անգամ կարգադրել է Ռուսաստանին իրագործել իր կայացրած որոշումները, սակայն Ռուսաստանը բազմիցս արհամարհել է միջազգային դատական ատյանների վճիռները։

Գլխավոր ասամբլեայի դահլիճում Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ Միջազգային դատարանում սկսվել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած մեկ այլ հայցի քննությունը՝ Ուկրաինայի արևելքում «Մալայզիական ավիաուղիների» MH17 չվերթի ողբերգության մեջ Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ։ Պորոշենկոն նաև տեղեկացրել է, որ Ավստրալիան և Նիդեռլանդները նույնպես միացել են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի ջանքերին:

«Միջազգային հանրությունը մեկ անգամ ևս կոչ է անում Ռուսաստանին պատասխանատվություն կրել կատարած խախտումների համար և դադարեցնել ապակառուցողական գործողությունների իրականացումը Ուկրաինայում և այլ երկրներում։ Մենք գիտենք, որ հանցագործությունները և իրավունքի խախտումները բացահայտելու և մեղավորներին պատասխանատավության ենթարկելու համար իրավական ուղին ամենաերկարն է, բայց մենք վստահ ենք, որ այն կօգնի վերականգնել արդարությունը»,- հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում իր ելույթի ավարտին Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք նաև, որ այս տարվա հունիսի 12-ին Ուկրաինան ևս մեկ հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ երկու կոնվենցիաների ենթադրյալ խախտումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Ուկրաինայի իշխպանությունները պնդում են, որ Ռուսաստանը խախտել է «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիան և «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան։

Մեկնաբանություններ