Ոստիկանության պետը Հանրապետության Նախագահին զեկուցել է 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված միջոցառումների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է ոստիկանության 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության, իրականացված ծրագրերի, իրավաստեղծ աշխատանքների, 2018 թվականի համար նախանշված միջոցառումների, ինչպես նաև Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Ոստիկանության պետը զեկուցել է հանրապետության օպերատիվ իրավիճակը, հանցավորության շարժընթացում առկա հիմնական միտումները, հանցագործությունների բացահայտման վիճակը, հետաքննական աշխատանքները և ոստիկանությունում օրինականության պահպանման նկատմամբ ձեռնարկված քայլերը:

Հանրապետության Նախագահին ներկայացվել են նաև ոստիկանության կատարմամբ և համակատարմամբ մի շարք ծրագրերի իրականացման արդյունքները, զեկուցվել են ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017 թվականների բարեփոխումների ծրագրի արդյունքները:

Անդրադառնալով իրավաստեղծ աշխատանքներին՝ ոստիկանության պետը նշել է, որ ոստիկանության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերից ընդունվել է 7 օրենք և 51 կառավարության որոշում:

Հանրապետության Նախագահին զեկուցվել է 2017 թվականի հոկտեմբերի 23-ին ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստին իր կողմից տրված հանձնարարականներից բխող՝ ոստիկանության առանձին ոլորտներում առկա բացթողումների շտկման և թերությունների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Մասնավորապես՝ հետախուզական գործունեության ոլորտում ուժեղացվել է քրեական հետապնդման մարմինների համագործակցությունը, ինչպես նաև գլխավոր դատախազության և քննչական կոմիտեի ղեկավարության հետ համատեղ մշակվել է հետախուզական գործերի վարման նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմ, ինչն ամրագրվել է ոստիկանության պետի հրամանով:

Ի կատարումն Հանրապետության Նախագահի մյուս հանձնարարականի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անվտանգ միջավայր ձևավորելու նկատառումներով ոստիկանությունը նպատակաուղղվել է հանրային վայրերում առանձին հանդգնությամբ կատարված և հասարակական հնչեղություն ստացած ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը: Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ առավել ուշադրություն է դարձվում Հայաստան ժամանող զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանը, մասնավորապես՝ տեսանելի վայրերում օտարալեզու ցուցատախտակներով հրապարակված են արագ օգնության հեռախոսահամարները և ոստիկանության գործառույթների կարճ պարզաբանումներ:

Ոստիկանության պետի կողմից ներկայացվել են նաև 2016 թվականի նոյեմբերի 2-ին Նախագահի տված հանձնարարության հիման վրա ընդունված ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգից բխող միջոցառումների արդյունքները, ըստ որոնց, մշակվել և ներդրվել են ՃՈ վարչական տուգանքների մասին քաղաքացիներին պատշաճ ծանուցելու, սահմանային անցման կետերում օտարերկրյա հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցների վարորդներին վարչական ակտերի մասին ծանուցելու համակարգեր: Բացի այդ, վերացվել են վարչական տուգանքը վճարելու ժամկետները խախտելու դեպքում 25 կամ 50 տոկոսով ավելի տուգանքները և նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում վարչական պատասխանատվությունը: Ձեռնարկվել են միջոցառումներ խցանումները սահմանափակելու կամ վերացնելու, ինչպես նաև հետիոտների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի զեկույցը ներառել է նաև 2018 թվականի համար նախատեսված միջոցառումները, որոնք կապված են ոստիկանության կազմակերպաիրավական կարգավիճակի, կառուցվածքի օպտիմալացման, ոստիկանության մասին նոր օրենքի հայեցակարգի ընդունման և մի շարք այլ հիմնահարցերի հետ:

Մեկնաբանություններ