Ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է:Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սիմոն Վրացյան փողոցի թիվ 90 շենք հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի դիմաց մի խումբ անձինք աղմկել և հայհոյանքներ են հնչեցրել, ինչի կապակցությամբ բնակիչներից մեկը կոչ է արել դադարեցնել աղմուկը, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք վիճաբանել են նրա հետ և բռնություն գործադրել՝ հարվածելով բնակչի մարմնի տարբեր մասերին:

Ծեծկռտուքին միջամտել է ոստիկանության աշխատակիցը, ով ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին բերման է ենթարկել ոստիկանության բաժին։ Նրանց հետևել են երկու անձ և, մուտք գործելով ոստիկանության վարչական շենք, բռնություն գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Օգոստոսի 14-ին մեկ անձ ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ