Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է մայրաքաղաքի զբոսայգիներում և պուրակներում շների զբոսանքի համար առանձնացված վայրերի նախնական առաջարկները:
Դավիթ Օհանյանը նշել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարականի համաձայն վարչական շրջանների և համապատասխան ստորաբաժանումների կողմից առանձնացված տարածքների առաջարկները կազմվել են՝ հաշվի առնելով շներին զբոսանքի դուրս բերելու հետ կապված մայրաքաղաքի բնակչության դժգոհությունը: Քաղաքապետի տեղակալը նաև հատկանշել է, որ Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրել է նմանատիպ տարածքների կահավորման հետ կապված միջազգային փորձը և ընդգծել, որ այդ հարցում քաղաքապետարանն ակնկալում է տարբեր կազմակերպությունների ներգրավման հնարավորությունը և դոնոր կառույցների աջակցությունը:
Շեշտելով նախաձեռնության նշանակությունը մայրաքաղաքի և շնասերների համար՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները վստահություն են հայտնել, որ համապատասխան վայրերի առանձնացումը կարևոր քայլ կլինի և էապես կնպաստի այս խնդրի կարգավորմանը:
Հանդիպման շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ այցեր կազմակերպելու և տեղում ստուգելու շների համար առանձնացվող վայրերի հարմարավետությունն ու նպատակահարմարությունը: