Նիստն առանց ամբաստանյալների. Շարունակվում է «Սասնա ծռեր»-ի գործը

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց  «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավարությունը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննրի ընդանուր իրավասության դատարանի  դատավոր  Արթուր Օհանյանի նախագահությամբ:

Դատավորը նկատողություն արեց ամբաստանյալներ Մարտիրոս Հակոբյանի և Արայիկ Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանին, քանի որ նա նախորդ դատական նիստին առանց զգուշացնելու լքել էր նիստերի դահլիճը:

Արթուր Օհանյանը  Լուսինե Սահակյանին խորհուրդ տվեց ծանոթանալ փաստաբանի կանոնագրքի հետ, ինչը մյուս փաստաբանների վրդովմունքի առարկան դարձավ, իսկ Մուշեղ Շուշանյանը առարկեց վերջինիս «ապօրինի» գործողությունների դեմ. «Դուք իրավասու չեք մեզ խորհուրդ տալ և հիշեցնել, թե ինչ պետ է անենք»- ասաց Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը դատական նիստի ժամանակ, երբ դատավորն արդեն հեռանում էր խորհրդակցական սենյակ, ասացին, որ մեկ այլ գործ ունեն, սակայն դատավորն ասաց, որ պաշտպանների հայտարարությունը կքննի խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո: Արդյունքում, պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը լքել էին նիստերի դահլիճը՝ չսպասելով դատավորի վերադառնալուն: 

Արամ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը վերացնի իր պաշտպանյալի մերձավոր բարեկամների տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելանքը:  Մեղադրող Արթուր Ճախոյանը պաշտպանի միջնորդության դեմ առարկեց՝ ասելով, որ հիմք չկա: Դատավոր Արթուր Օհանյանը միջնորդությունը բավարարեց և բարեկամների տեսակցությունների արգելանքը վերացրեց:

Նույնանման միջնորդություն ներկայացրեց Արամ Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը՝ պաշտպանյալի բարեկամների հետ տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելանքը վերացնելու համար: Դատարանը միջնորդությունը բավարարեց:

Դատարանն անցավ դատաքննության փուլին: Մեղադրողներ Արթուր Չախոյանը և Արամ Արամյանը ընթերցեցին մեղադրական եզրակացությունների եզրափակիչ մասը:

Ըստ մեղադրանքի եզրակացության ՝ Արամ Մանուկյանը մեղադրվում է, որ  2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում՝ զենքի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր գործողությունների արդյունքում՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց: Արամ Մանուկյանը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով, հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, արդյունքում՝ հրկիզման եղանակով, դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արամ Մանուկյանի հայրը՝ Պավել Մանուկյանը, Սեդրակ Նազարյանի և Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպել են բանակցելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք եկած ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, սակայն  վերջիններիս պատանդ են վերցրել:

«Արամ Մանուկյանը պատանդ է վերցրել ՊՊԾ գնդի տարածք բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մուտք գործած երեք բուժաշխատողների»,-ասվում է մեղադրական եզրակացության մեջ:

Երբ մեղադրողներն ընթերցում էին մեղադրական եզրակացությունները՝ ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը բորբոքվեց՝  եզրակացության բովանդակությանը ծանոթանալով,  վեր կացավ և փորձում էր նիստերի դահլիճից հեռանալ.  «Ես չեմ կարում մնամ, լսեմ, էս ձեր կլաուզնիկ բաները»,- ասաց նա, ինչին ի պատասխան՝ դատավոր Արթուր Օհանյանը վերջինիս հորդորեց հանգստանալ և նստել տեղում, սակայն ամբաստանյալը շարունակեց. «Սանկցիա կիրառե՛ք, ես չեմ մնալու: Նախորդ նիստին ասել էի՝ էս բաշիբոզուկների երկրում չեմ ուզում շարունակել»,- ասաց նա: Դատավորն էլ շարունակեց վերջինիս կարգի հրավիրելու կոչեր անել, ինչին ի պատասխան «Դեդը» ասաց՝ «Անկարգը դուք եք»: Դատավորը սանկցիա կիրառեց և վերջինիս դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով հեռացրեց նիստերի դահլիճից:

Ամբաստանյալ Արամ Մանուկյանը ևս արձագանքեց իրեն ուղղված մեղադրանքին. «Էս ամենը, ինչ-որ ասացիք, մեր հետ կապ չունի»,- ասաց նա և փորձեց լքել նիստերի դահլիճ:

Դատավորը հորդորեց նստել տեղում, սակայն Արամ Մանուկյանն ասաց, որ իրեն վատ է զգում, արդյունքում՝ նա  ևս լքեց նիստերի դահլիճը:

Դատական նիստերի դահլիճը լքեց նաև Արայիկ Հակոբյանը:

Վարդան Գերավետյանը հայտարարության կարգով հանդես եկավ և ասաց, որ իրենք չեն պատրաստվում լսել մեղադրական եզրակացությունները, քանի որ դա շինծու է և ասաց, որ իրենք լքում են նիստերի դահլիճը, վերջիններիս պաշտպանները միացան:  Ամբաստանյալները լքեցին նիստերի դահլիճը: Պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին հայտեց, որ ինրենք լիազրոված են դատական նիստը շարունակեն առանց իրենց պաշտպանների:

Դատաքննության փուլը շարունակվեց առանց 11 ամբաստանյալների՝ դատավորի, 2 մեղադրողների և պաշտպանների ներկայությամբ:

Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

 

Մեկնաբանություններ