Դիմումատուն՝ Միքայիլ Թյուզունը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1960 թվականին, բնակվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ավտոմեքենայի վրաերթի հետևանքով իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջին։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է 1995 թվականին ճանապարհային երթևեկության անվտանգության վերահսկման սպայի պաշտոնում աշխատելու ժամանակ մի մեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու և վնասվածքներ ստանալու հետևանքով իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջով ներկայացրած հայցը մերժելու Դատարանի կայացրած որոշման մասին։
Դիմումատուն նախնական պահանջով դիմել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարություն և իրեն պատճառված ոչ նյութական (բարոյական) և նյութական վնասի համար 25․000 Թուրքական լիրա գումարի չափով փոխհատուցում է պահանջել։ Նախարարությունը մերժել է Դիմումատուի ներկայացրած պահանջը, և Դիմումատուն բողոք է ներկայացրել Ստամբուլի Վարչական դատարան։ Դատարանի կարգադրությամբ՝ Դիմումատուի գործով փորձաքննություն է իրականացվել։ Փորձագիտական եզրակացության համաձայն՝ վրաերթի հետևանքով Դիմումատուին պատճառված բարոյական վնասը գնահատվել է 157․077 Թուրքական լիրա։ Այնուամենայնիվ, 2006 թվականին Վարչական դատարանի կայացրած որոշմամբ՝ Դիմումատուին հատկացվել է վերջինիս կողմից ներկայացված նախնական պահանջի մեջ նշված փոխհատուցման գումարի չափը։
Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է իր գործով ներպետական վարույթի շրջանակներում փորձագետի կողմից սահմանված փոխհատուցման ամբողջ գումարը ստանալու համար իր ներկայացրած հայցը մերժելու Վարչական դատարանի կայացրած որոշման արդարացիության մասին։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 2․500 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։