Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 16-ին հրապարակել է հետևյալ 8 վճիռները:
Szkórits-ը ընդդեմ Հունգարիայի (գանգատ թիվ 58171/09)
Դիմումատու Zsigmond Szkórits-ը Հունգարիայի քաղաքացի է (ծնվ. 1929թ.): 2012թ. նրա մահից հետո նրա դիմումի ընթացքը շարունակել է դուստրը: Գործը վերաբերում է պրն Szkórits-ի կողմից 1999թ. նոյեմբերին իրեն հատկացված հողամասը տիրապետելուն և տնօրինելուն մի քանի տարի շարունակ խոչընդոտելուն: Տարածքը զավթվել և օգտագործվել է հարակից հողամասերի սեփականատերերի կողմից: Պրն Szkórits-ը ներկայացրել է քաղաքացիական հայց, որը մերժվել է 2006թ. դեկտեմբերին, երբ հարակից հողամասերի սեփականատերերի կողմից ներկայացվել են զուգահեռ կազմված կադաստրային քարտեզները: Հողային ռեեստրավարները հայտնաբերել են, որ հողամասը հատկացվել է քարտեզագրման սխալով, և իրականում հատկացված հողամասը գոյություն չունի: Տվյալ վարչական շրջանի հողի ռեեստրավարը կազմել է նոր քարտեզ, որով 2006թ. հունիսին հողամաս է հատկացվել պրն Szkórits-ին: Վերջինիս պահանջը ի վերջո բավարարվել է 2009թ.: Նույն տարում միայն նա հնարավորություն է ստացել տիրապետել և տնօրինել իր «նոր ստացված» հողամասը: Պրն Szkórits-ը բողոքում է, որ խախտվել են իր իրավունքները, որոնք սահմանված են ՄԻԵԿ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով (սեփականության իրավունքի պաշտպանություն), ինչի պատճառով ինքը չի կարողացել իրականացնել իր իրավազորությունները, որոնք տրվել են նրան 1999թ. հողահատկացմամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է առաջին արձանագրության առաջին հոդվածի խախտում և սահմանել 10,000 եվրո՝ որպես նյութական և բարոյական վնասների հատուցում:
Պ.Ֆ.-ն ընդդեմ Լեհաստանի ( գանգատ թիվ 2210/12)
Դիմումատուն Լեհաստանի քաղաքացի Պ.Ֆ.-ն է (ծնվ. 1963թ.): Գործը վերաբերում է 2004թ. ծնված զույգ դուստրերին տեսակցելու խնդրին: Պ.Ֆ.-ն և իր կինը ամուսնալուծվել են 2005թ.: Պրն Պ.Ֆ.-ն վարույթ է սկսել, որպեսզի հաստատվի երեխային տեսակցելու կարգը: Շրջանային դատարանը սահմանել է շփման ժամանակավոր կարգ, սակայն կասեցրել է վարույթը, քանի որ երեխաների մայրը 2008թ. մարտին միջնորդություն է ներկայացրել դատախազին այն մասին, որ Պ.Ֆ.-ն սեռական բռնության է ենթարկել երկվորյակներին: 2008թ. հոկտեմբերին դատախազը կարճել է գործը, քանի որ գործով առկա չեն եղել էական ապացույցներ, և դատարանի կողմից նշանակված հոգեբանները չեն հայտնաբերել նման բռնության որևէ հետևանքներ: Դրանից հետո տեսակցության վերաբերյալ վարույթը վերաբացվել է, և սահմանվել է տեսակցության ժամանակավոր կարգ: Քանի որ երեխաների մայրը բազմիցս բողոքել է այդ կարգի դեմ, պրն Պ.Ֆ.-ն վարույթ է սկսել տեսակցության վերաբերյալ սահմանված կարգը կենսագործելու և մոր նկատմամբ տուգանքներ սահմանելու վերաբերյալ: 2003թ. հունվարին դատարանը հանձնարարել է մորը կատարել պահանջը, և վերջիվերջո տուգանք է նշանակել նրա նկատմամբ: Հիմնվելով ՄԻԵկ 8-րդ հոդվածի վրա (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)` դիմումատուն բողոքում է, որ Լեհաստանի պաշտոնատար անձիք չեն իրականացրել անհրաժեշտ միջոցառումներ, որով կապահովվեր երեխաներին տեսակցելու իր իրավունքը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով Կոնվենցիայի խախտում չի արձանագրել:
Atudorei-ն ընդդեմ Ռումինաիայի (գանգատ թիվ 550131/08)
Դիմողը Dana Ruxanda Atudorei-ն է, ով Ռումինիայի քաղաքացի է (ծնվ. 1984): Գործը բերաբերում է դիմումատուին 2005թ. փետրվարի 3-ից մինչև ապրիլի 1-ը հոգեբուժական կլինիկայում բռնի կերպով տեղավորելուն: Ըստ տիկին Atudorei-ի պնդման՝ ինքը չի տառապել հոգեկան գործունեության որևէ հիվանդությամբ՝ ինչը հաստատվել է անկախ հոգեբուժական փորձագետի կողմից: Դիմումատուի հոսպիտալացումը տեղի է ունեցել նրա ծնողների կողմից բռնի կերպով նրան կլինիկա բերելուց հետո: 2003թ. նա արդեն մի անգամ` մի քանի օրով, իր կամքին հակառակ, բերվել էր հոգեբուժարան: Նրան հոգեբուժարան էին բերել ծնողները, ովքեր անհանգստացած էին, նրա կողմից յոգայի դասերի հաճախելու փաստով: Տվյալ դասերը կազմակերպվել էին «Հոգևոր ինտեգրման» շարժման կողմից: 2005թ. նրա հոսպիտալացման ընթացքում նրան տրվել է հոգեմետ դեղորայք, որոնց մի մասը օգտագործվում է շիզոֆրենիա հիվանդության բուժման համար: Տիկին Atudorei-ը բողոքում է 2005թ. իրեն բռնի կերպով հոսպիտալացնելու փաստի առնչությամբ, որը խախտում է ՄԻԵԿ 5-րդ հոդվածի առաջին մասը (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք): Նա նաև բողոքում է, որ հոգեբուժարանում նրան տրամադրված դեղորայքը միջամտություն է նրա անձնական կյանքի իրավունքին (հոդված 8. անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին մասի և 8-րդ հոդվածի խախտումներ և սահմանել է 15,600 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում:
Mischie-ն ընդդեմ Ռումինիայի (գանգատ թիվ 45266/07)
Դիմումատուն Nicolae Mischie-ն Ռումինիայի քաղաքացի է (ծնվ. 1945թ.): Գործը վերաբերում է պրն Mischie-ի դեմ իրականացված քրեական դատավարությանը, որը վերաբերել է զենքի և զինամթերքի կրման կարգը խախտելուն, փաստաթղթերի կեղծմանը, մաքսանենգությանը: Բարձրագույն դատական ատյանը նրան դատապարտել է այն ապացույցների հիման վրա, որոնք ստորադաս դատական ատյանները որակել են որպես ոչ էական և ճանաչել են դիմումատուին անմեղ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է ՄԻԵԿ 6-րդ հոդվածի առաջին մասի խախտում և սահմանել 3,000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում:
Rozalia Avram-ն ընդդեմ Ռումինիայի (գանգատ թիվ 19037/07)
Գործը վերաբերում է շինությանը, որը պատկանել է Արադի (Ռումինիա) կաթոլիկ թեմին, և, որը հետագայում օրենսդրության սահմանած կարգով անցել է պետական սեփականության ներքո: Բազմաթիվ բնակարաններ վաճառվել են այդ բնակարանների վարձակալներին: Այդպիսի վարձակալների թվում է եղել նաև տիկին Avram–ը: 1998թ. թեմը ջանքեր է գործադրել շինությունը վերադարձնելու ուղղությամբ, սակայն պահանջը մերժվել է վերաքննիչ ատյանի կողմից: Թեմը ներկայացրել է նոր բողոք, որով պահանջել է բնակարանները վաճառելու վերաբերյալ պայմանագրերը անվավեր ճանաչել: Այս պահանջը բավարարվել է նույն վերաքննիչ դատարանի կողմից: Տիկին Avram–ը բողոքում է, որ խախտվել են ՄԻԵԿ 6-րդ հոդվածի առաջին մասով սահմանված իր իրավունքները (արդար դատաքննության իրավունք): Նա պնդում է, որ խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ վերաքննիչ դատարանը անվավեր է ճանաչել բնակարանի վաճառքի պայմանագիրը և դրանով հարցականի տակ է դրել նույն գործով իր կայացրած նախորդ վճիռը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է 6-րդ հոդվածի առաջին մասի խախտում, և հայտարարել է, որ արդարացի փոխհատուցման վերաբերյալ հարցը դեռևս ենթակա է քննության, ուստի որոշման այդ մասը կհրապարակվի հետագայում:
Valerian Dragomir–ն ընդդեմ Ռումինիայի (գանգատ թիվ 51012/11)
Դիմումատուն Valerian Dragomir-ն է, ով Ռումինիայի քաղաքացի է (ծնվ. 1980թ.): Գործը վերաբերում է 2011թ. փետրվարին նրա ազատազրկմանը: Դիմումատուն այդ պահի դրությամբ հանդիսացել է հարկային տեսուչ և ձերբակալվել է կաշառակերությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամ լինելու կասկածանքով: Լայնամասշտաբ քրեական հետաքննություն իրականացնելու նպատակով 2011թ. փետրվարի 8-ին պրն Dragomir-ը նույն կասկածանքով ձերբակալված ոստիկանության և մաքսային 93 այլ ծառայողների հետ նույն ավտոբուսով ժամանել է դատախազության հակակոռուպցիոն ծառայություն, նույն գիշերը իրականացվել են մի շարք քննչական գործողություններ: 2011թ. փետրվարի 9-ին պրն Dragomir-ին ներկայացրել են իր դեմ հարուցված մեղադրանքը: Պրն Dragomir-ը բողոքում է, որ փետրվարի 8-ի երեկոյան 9:20-ից մինչ փետրվարի 9- առավոտյան 8:15 իր ձերբակալությունը եղել է անօրինական, ինչն էլ խախտել է ՄԻԵԿ 5-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքը: Նա նաև բողոքում է, որ իր ազատազրկման պայմանները Բուխարեստում, որտեղ նրան պահել են 2011թ.-ի փետրվարի 10-ից մինչև մայիսի 4-ը, եղել են անմարդկային, քանի որ խցերը գերբեռնված են եղել, նվազագույն մակարդակի վրա են եղել հիգիենայի պայմանները, ինչով էլ խախտվել է ՄԻԵԿ 3-րդ հոդվածով սահմանված` արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի արգելքը:
Մադու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է ՄԻԵԿ 3-րդ հոդվածի և 5-րդ հոդվածի առաջին մասի խախտումներ և սահմանել է 5,000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում և 100 եվրո՝ որպես դատական ծախսերի հատուցում:
Վերանայված գործ
Meryem Çelik-ը և մյուսները ընդդեմ Թուրքիայի (գանգատ թիվ 3598/03)
Գործը վերաբերում է թուրքական անվտանգության ուժերի կողմից 1994թ. հուլիսի 24-ին Օրմանջըք գյուղի (Հաքյարիի նահանգ) վրա իրականացված հարձակման փաստին: Դիմումատուները ազգությամբ քուրդ` Թուրքիայի 14 քաղաքացիներ են, ովքեր մտերիմ ազգակցական կապի մեջ են (կամ եղել են ) 13 անձանց հետ, ովքեր կորել են և այն անձի հետ, ով սպանվել է տվյալ արշավի ընթացքում:
Պալատի որոշմամբ, որը կայացվել է 2013թ. ապրիլի 1-ին Դատարանն արձանագրել է, որ տեղի է ունեցել ՄԻԵԿ 2-րդ, 5-րդ և 3-րդ հոդվածի խախտում և սահմանել է բարոյական վնասի հատուցում ՝ բոլոր, և նյութական վնասի հատուցում` միայն 11 դիմումատուների նկատմամբ: 2014թ. հունվարի 16-ին դիմումատուների ներկայացուցիչը տեղեկացրել է դատարանին, որ դիմողներից երկուսը՝ տիկին Hanife İzci-ն և պրն Hamit Şengül-ը մահացած են եղել դեռևս 2011թ., և նրանց իրավահաջորդների անունից ներկայացուցիչը խնդրել է վերանայել 2013թ. ապրիլի 16-ին կայացված որոշումը, որը հնարավոր չէր կենսագործել, քանի որ Դատարանի վճռով սահմանված փոխհատուցումը պետք է ստանային հանգուցյալների իրավահաջորդները: Դատարանը որոշել է վերանայել 2013թ. ապրիլի 16-ի վճիռը, որպեսզի մահացածների ժառանգները կարողանան իրականացնել իրենց իրավունքները՝ կապված ՄԻԵԿ 41-րդ հոդվածով նախատեսված արդարացի փոխհատուցման հետ, որը պետք է վճարի Թուրքիան.
- 60,000 եվրո (նյութական վնասի հատուցում)՝ բոլորին միասին վերցրած,
- 65,000 եվրո (բարոյական վնասի հատուցում) տիկին Hanife İzci-ի իրավահաջորդներին` միասին վերցրած,
- 32,500 եվրո (բարոյական վնասի հատուցում) պրն Hamit Şengül-ի իրավահաջորդների` միասին վերցրած: