Բրյունեն ընդդեմ Ֆրանսիայի (գանգատ թիվ 21010/10)
Քննվող գործով ՄԻԵԴ Պալատը սեպտեմբերի 18-ին կայացրել է վճիռ, որը վերջնական չէ: Դատարանն այս գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում: Գործը վերաբերում է Պրն Բրյունեի տվյալները հանցագործությունների գրանցման տեղեկատվական բազայում (այսուհետ՝ ՀԳՏԲ համակարգ) պահպանելուն՝ այն բանից հետո, երբ նրա նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել էր: Դատարանը գտել է, որ պրն Բրյունեն չի ունեցել իրական հնարավորություն` հեռացնելու այդ տվյալները, քանի որ այդ տեղեկությունները պահպանելու ժամկետ է համարվում 20 տարին:
Դատարանը եզրակացրել է, որ տվյալ հարցի հետ կապված օրենսդրական կարգավորում սահմանելիս պետությունը գերազանցել է իր իրավասությունների սահմանները, և տվյալ տեղեկատվության պահպանումը կարող է որակվել որպես մարդու անձնական կյանքին անօրինական միջամտություն:
Սկզբունքային փաստեր
Դիմումատու Ֆրանսուա Բրյունեն (Francois Xavier Brunet) Ֆրանսիայի քաղաքացի է (ծնվ. 1959թ.): 2008թ. հոկտեմբերի 10-ին պրն Բրյունեն վիճաբանություն է ունեցել իր հետ համատեղությամբ բնակվող կնոջ հետ, ով գանգատ է ներկայացրել դատախազին: Դիմումատուին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, որտեղ նա ևս գանգատ է ներկայացրել իր կենակցի դեմ՝ բռնություն գործադրելու համար, սակայն այս բողոքին ընթացք այդպես էլ չի տրվել: Նրան ազատ են արձակել և հրավիրել հաշտարար համաձայնության գալու:
2008թ. հոկտեմբերի 12-ին պրն Բրյունեն և իր կենակիցը դիմում են գրել դատախազին, որով իրավախախտման որակման հետ կապված արտահայտել են իրենց անհամաձայնությունը: Հաշտարար գործընթացը այդուհանդերձ շարունակվել է և ընդհատվել: Այս ամենի արդյունքում պրն Բրյունեի անունը ներառվել է հանցագործությունների գրանցման տեղեկատվական բազայում: Այս համակարգը ներառում է հետաքննչական տվյալներ, որոնք հիմնված են ոստիկանության, ժանդարմերիայի, մաքսային ծառայության սպաների տված տեղեկության վրա: Հետագայում՝ 2009թ. ապրիլի 11-ին, պրն Բրյունեն խնդրել է դատախազին հեռացնել իր տվյալները տվյալ համակարգից՝ բողոքելով, որ իր անվան ընդգրկումը արդարացված չէ, քանի որ իր կենակիցը հետ է վերցրել բողոքը: Դատախազը մերժել է խնդրանքը և պատճառաբանել, որ հետապնդումը դադարեցվել է ոչ թե այն պատճառով, որ իրավախախտում տեղի չի ունեցել, կամ տեղի է ունեցել աննշան խախտում, այլ այն պատճառով, որ բողոքը հետ է վերցվել: Դիմումատուին նաև տեղեկացրել են, որ դատախազի այդ որոշումը ենթակա չէ բողոքարկման:
Բողոքը, ընթացակարգը, Դատարանի կազմը
Պրն Բրյունեն բողոքում է, որ իր անունը ընդգրկվել է ՀԳՏԲ համակարգում, ինչը խախտել է նրա անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, որը նախատեսված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով, ինչպես նաև 13-րդ հոդվածով սահմանված իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը: Նա բողոքում է նաև, որ պաշտոնատար անձինք իր կենակցի դեմ գրած բողոքի հիման վրա արդյունավետ քննություն չեն իրականացրել, ինչը խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իր իրավունքը:
Գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է մուտքագրվել 2010թ. մարտի 29-ին:
Վճիռը կայացվել է Պալատի կողմից` հետևյալ կազմով.
Mark Villiger (Լիխտենշտեին), նախագահ,
Ann Power-Forde (Իռլանդիա),
Ganna Yudkivska (Ուկրաինա),
Vincent A. de Gaetano (Մալթա),
André Potocki (Ֆրանսիա),
Helena Jäderblom (Շվեդիա),
Aleš Pejchal (Չեխիա), դատավորներ
և Claudia Westerdiek, բաժանմունքի քարտուղար:
Դատարանի վճիռը
8-րդ հոդված (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)
Դատարանը նշել է, որ պրն Բրյունեի անվան ընդգրկումը ՀԳՏԲ համակարգում հանդիսացել է միջամտություն նրա անձնական կյանքին, այդ միջամտությունն իրականացվել է օրենքին համապատասխան, ինչը հետապնդել է անկարգությունների և հանցագործությունների կանխման և այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավաչափ նպատակ:
Դատարանը հետագայում քննել է հասարակական կարիքներով պայմանավորված այդ միջամտության համաչափության, ինչպես նաև իշխանությունների՝ այդ նպատակին ուղղված գործողությունների «համապատասխանության և բավարարության» հարցերը:
Դատարանն ուսումնասիրել է պրն Բրյունեի գանգատն այն մասին, որ իր անունի ընդգրկումը կարելի է համարել անձնական և ընտանեկան կյանքի միջամտություն, որովհետև այն դեպքում, երբ ինքն ամուսնալուծվի, ընտանեկան դատարանը, հաշվի առնելով ՀԳՏԲ համակարգում առկա գրառումը, իրեն կմերժի վստահել երեխայի խնամակալությունը: Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դատարանը մուտք չունի տվյալ համակարգին, նշել է, որ դիմումատուի ներկայացրած իրավիճակը չէր կարող իրագործվել:
Պրն Բրյունեն նաև բողոքում է իրեն ՀԳՏԲ համակարգում ընդգրկելու բռնի ձևի դեմ: Այս պնդման կապակցությամբ Դատարանը նշել է, որ համակարգում տեղադրված տեղեկությունները իրենց բնույթով բավական բացասական և տհաճ կարող են լինել:
Չնայած այդ տեղեկությունները չեն պարունակում անձի մատնահետքերը կամ ԴՆԹ տվյալներ, դրանք կազմված են անհատականացնող և նույնականացնող տվյալներից, որոնք կարող են օգտագործվել հանցագործներին փնտրելիս: Բացի այդ, այդ տվյալները պահպանելու քսանամյա ժամկետը չափազանց երկար է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պրն Բրյունեն դատարանի կողմից չի ճանաչվել մեղավոր, և նրա նկատմամբ իրականացվող վարույթը կարճվել է:
Դատարանը անդրադարձել է նաև նման ժամկետի համաչափությանը՝ հաշվի առնելով շահագրգիռ անձի կողմից այդ տեղեկության հեռացման հնարավորությունը: Այդ մասով Դատարանը նշել է, որ օրենքը, որը տվյալ պահին ուժի մեջ էր, թույլատրում է դատախազին հեռացնել այդ տեղեկությունները միայն բացառիկ դեպքերում, մասնավորապես՝ գործը կարճվելու դեպքում կարելի է հեռացնել, եթե քրեական գործը կարճվել է ապացույցների անբավարարության պատճառով: Դատախազը տվյալ դեպքում գործել է օրենքին ճիշտ համապատասխան: Նա իրավասություն չի ունեցել փաստական հանգամանքների կամ անհատական տարրերի վրա հիմնված խնդրանքի հիման վրա հեռացնել այդ տեղեկությունը: Հետևաբար Դատարանը գտել է, որ դատախազը չի ունեցել լիազորություն իր հայեցողությամբ գնահատել նման տվյալներ պահպանելու պատշաճությունը, Դատարանը նաև նշել է, որ դեռ այդ ժամանակ, ըստ օրենքի, դատախազի նման որոշումը բողոքարկման ենթակա չի եղել:
Չնայած տղյալ տեղեկության պահպանումը սահմանափակված է ժամանակով՝ պրն Բրյունեն տեղեկությունը հեռացնելու խնդրանքով դիմելու իրական հնարավորություն չի ունեցել:
Դատարանը եզրակացրել է, որ պետությունը տվյալ դեպքում վերազանցել է իր իրավասության սահմանները, քանի որ կանոնները, որոնք կարգավորում են ՀԳՏԲ համակարգում տեղեկատվության պահպանումը, չեն ապահովում արդարացի համաչափությունը մասնավոր և հանրային շահերի միջև հակասություն առաջանալու դեպքում: Հետևաբար տվյալ տեղեկատվության պահպանումը կարող է որակվել որպես պրն Բրյունեի անձնական կյանքին միջամտություն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել ՄԻԵԿ 8-րդ հոդվածի խախտում:
Հոդված 13 (իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք)
Քանի որ Դատարանն արդեն արձանագրել էր 8-րդ հոդվածի խախտում, Պալատը որոշել է բողոքի 13-րդ հոդվածին վերաբերող մասը առանձին քննության առարկա չդարձնել:
Հոդված 6 և հոդված 17
Դատարանը նշել է, որ դիմումատուն տվյալ հարցերը քննարկման առարկա չի դարձրել այլ ատյաններում, հետևաբար չի սպառել իրավունքի պաշտպանության ներպետական միջոցները:
Հոդված 41 (արդարացի փոխհատուցում)
Դատարանը վճռել է, որ Ֆրանսիան դիմումատուին պետք է վճարի 3.000 եվրո՝ որպոս բարոյական վնասի հատուցում: