«Մենք դատարան չենք, մենք փաստն արձանագրողն ու բարձրաձայնողն ենք». Քառօրյա պատերազմի դեպքերի առթիվ ՄԻԵԴ է հանձնվել ավելի քան 300 գործ

2016թ. ապրիլ ամսին տեղի ունեցած լայնամաշտաբ ռազմական գործողություններն անհետևանք մնալ չէին կարող. ավելի քան 100 զոհ և 121 վիրավոր, գնդակոծված տներ և տեղահանված բնակիչներ:  Այս դեպքերի առթիվ 700 գանգատ-բողոք և մոտ 300 գործ է հանձնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Ապրիլ և մայիս ամիսներին, մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, մեկնեցինք Արցախի Հանրապետություն, տեսանք իրավիճակը, այցելեցինք զոհվածների հարազատներին, ապա հետ վերադարձանք Երևան: Հասկանալով, որ միայնակ չենք կարող ՄԻԵԴ-ի ուշադրությունը մեր կողմը սևեռել, քանի որ մեծ ծավալի աշխատանք է մեզ սպասում, դիմեցինք մեր գործընկեր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին և նրանց մասնագետների հետ որոշեցինք զանգվածային գործեր ներկայացնենլ միջազգային դատարան: Արդեն օգոստոս ամսին ուղարկեցինք գործերի առաջին խմբաքանակը՝ 21 գործ, որը ներառում էր ապրիլյան պատերազմի զոհերի և Խալափյանների (Թալիշում բնակվող մեծահասակների ընտանիքը, որոնց ապրիլի 3-ին ադրբեջանական զինվորները խոշտանգել էին՝ կտրել ականջները, ապա՝ գնդակահարել –  Ռ.Վ) դեպքերը, ապա մինչև այս տարվա փետրվար ամիսը ներկայացրինք մինչև 359 գանգատ»,- այս մասին ասաց Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան արա Ղազարյանը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը շեշտեց, որ Արցախի օմբուդսմեն նշանակվելու առաջին իսկ պահից մեծ աշխատանքներ են տարվել՝ բարձրաձայնելու ադրբեջանական բանակի կողմից կատարվածի մասին միջազգային հանրությանը իրազեկելու համար, և շարունակվում է մինչ օրս: Ըստ նրա, շփման գծի լարվածության գլխավոր պատճառը հայատյացությունն է: Այս կարծիքը կիսում է նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, շեշտելով, որ ադրբեջանական իշխանություններն ամեն հնարավորն անում են, որ ապացուցեն այս հանգամանքը:

«Այնտեղ մեծ պատիվ է համարվում հային վնասելը և կյանքից զրկելը: Ապրիլյան պատերազմին կատարված ոճրագործություններն էլ ավելի են խորացնում այս համոզմունքը», -ասում է Ա․Թաթոյանը:

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ արդեն երեկոյան ժամերին հարավային ուղղությամբ կիրառել էր նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Նշենք, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն էր, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ: Այնուհետև ադրբեջանական մամուլը լուրեր տարածեց, որ շփման գծում հայկական կողմի «լայնամասշտաբ սադրանքի հետևանքով» սպանվել են Ալխանլը գյուղի երկու բնակիչներ՝ տատ ու թոռ Գուլիևաները. վերջինս 2 տարեկան էր: Շատ արագորեն համացանցում տարածվեցին փոքրիկի արյունոտ, ապա նաև հուղարկավորության լուսանկարները: Ադրբեջանական մամուլը ցանկանում էր հանրության ուշադրությունը սևեռել «հայկական կողմի վայրագությունների» վրա:

«Ադրբեջանը չարաշահեց երեխայի մարմինը: Ուղղակի չէի պատկերացնի, որ նման բան հնարավոր է: Մամուլը հրապարակեց դատաբժշկական փորձաքննության սենյակում արված երեխայի լուսանկարը, անգամ հենց այդ նկարով էլ հուղարկավորություն արեցին: Սա հեռու է բանականության սահմաններից»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

            Արման Թաթոյանն իր խոսքում անընդհատ նշում էր, որ մարդու իրավունքների պաշտպանությունը որևէ կապ չի կարող ունենալ քաղաքականության հետ, քանի որ դրանք տարբեր և իրարից հեռու հասկացություններ են:

«Չի՛ կարող տարածքի քաղաքական կարգավիճակը որևէ նշանակություն ունենալ իրավունքի պաշտպանության կարգավիճակին: Սա հստակ է: Աշխատելով քաղաքացիական և պետական սեկտորների հետ, մեր դերը կայանում է նրանում, որ ցույց տանք ժողովրդավարության տեսանկյունից Արցախն աշխարհին»,- նշեց Թաթոյանը:

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը ներկայացրեց ապրիլյան օրերին ՀԿ-ների կատարած աշխատանքը:

«Ապրիլի 3-ից գտնվել ենք Արցախում, որի արդյունքում հանդիպումներ ունեցանք անխտիր բոլոր այն տեղահանվածների հետ, որոնք գնդակողծության օրերին լքել են իրենց բնակավայրեը և տեղափոխվել ավելի անվտանգ միջավայր, տվյալ դեպքում՝ Ստեփանակերտ: Շնորհիվ մի շարք ՀԿ-ների, ՄԱԿ-ն անմիջպես իր օրակարգում ընդգրկել էր այն ընտանիքներին օգնություն տրամադրելու հարցը, որոնք տեղահանվել էին և ապաստան գտել Ստեփանակերտում կամ Հայաստանում»,- նշեց Լ․ Ալավերդյանը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ այս խնդրի լուծմանն օժանդակող կառույցներին, նշելով, որ բարձր է գնահատում և կարևորում նրանց օգնությունն այս գործընթացում:

«Մենք ուրախ ենք, որ ստացվում է համագործակցությունը գործընկերների, համապատասխան դաշտի և սփյուռքի կառույցների հետ: Նաև պետք է հասկանալ Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները. մենք դատարան չենք, մենք փաստն արձանագրողն ու բարձրաձայնողն ենք: Այս գործընթացը սկիզբ ունի, բայց ավարտ չունի, անընդմեջ աշխատանք պահանջող պրոցես է»,- իր խոսքն ավարտեց Արցախի օմբուդսմենը:

Նյութը՝  Ռոզա Վարդանյանի

Մեկնաբանություններ