Մեդվեդևը որակել է պատժամիջոցները՝ որպես ԱՀԿ ռեժիմի ներքո դանդաղ գործողության ռումբ

ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները բացասական են ազդում միջազգային առևտրի ոլորտի վրա և դանդաղ գործողության ռումբ են հանդիսանում՝ ԱՀԿ ռեժիմի ներքո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի և Իրանի նկատմամբ, ինչպես նաև՝ մաքսատուրքեր է սահմանում Եվրամիության և Չինաստանի համար` Կոնգրեսում ընտրություններին առնչվող և ներքին քաղաքական այլ խնդիրներ լուծելու համար:

«Թվում է, թե որքան շատ է թեժանում ԱՄՆ-ում քաղաքական պայքարը, այնքան ԱՄՆ-ն ավելի կատաղի քաղաքականություն է վարում առևտրի ոլորտում և մի շարք պատժամիջոցներ է սահմանում միջազգային հանրության ամենատարբեր, բայց, միևնույն ժամանակ, ինքնիշխան ներկայացուցիչների նկատմամբ», – նշել է վարչապետը:

Մեդվեդևն ընդգծել է, որ դա շատ վատ հետևանքներ է առաջացնում և խաթարում է միջազգային ռեժիմը. «Այս պահին, ըստ էության, ԱՀԿ ռեժիմի ներքո դանդաղ գործողության ռումբ է տեղադրված», – հավելել է նա:

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 5-ին ուժի մեջ է մտել Իրանի դեմ ԱՄՆ- ի սահմանած պատժամիջոցների երկրորդ փաթեթը, որը վտանգում է Իրանի նավթային ոլորտը, տրանսպորտի ոլորտը և Կենտրոնական բանկի հետ կնքված գործարքները: Այս կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները նամակ են հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին՝ նշելով, որ նոր պատժամիջոցներ կիրառելու իր որոշմամբ Վաշինգտոնը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և Անվտանգության խորհրդի բանաձևը:

Բացի այդ, Ռուսաստանի իշխանություններին անհանգստացնում է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի կողմից կիրառվող սահմանափակումները և պատժամիջոցներն ուղղված են ոչ միայն Թեհրանի դեմ, այլ նաև՝ այն երկրների ու արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք համագործակցում են իրանցի գործընկերների հետ։ Սակայն իրանական նավթի արտահանման համար սահմանված սահմանափակումները դեռևս չեն ազդել Չինաստանի, Հնդկաստանի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թայվանի և Թուրքիայի վրա: Նրանք կարող են վեց ամսվա ընթացքում սահմանափակ քանակությամբ իրանական նավթ ձեռք բերել:

Մեկնաբանություններ