«Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կատարած վարչական ծախսերը 10 տոկոսով գերազանցել են ընդհանուր ծախսերը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ 2008-2017 թթ. ընթացքում «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կատարած վարչական ծախսերը 10 տոկոսով գերազանցել են ընդհանուր ծախսերը. գերածախսը կազմել է ընդհանուր 26191377 ՀՀ դրամի։ Այդպիսով խախտվել են «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրության 5.5 կետի պահանջները, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել հիմնադրամին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից իր լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ