Քննարկման է դրվել «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին որոշումը: Որոշումը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից: Մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, նախկին «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը նախատեսում էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների տրամադրում կամ անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրում, օրենքի պահանջների համաձայն հաշվառման մեջ են գտնվում շուրջ 4.000 գործող և նախկին զինծառայողներ, պետության տնտեսական հնարավորությունները թույլ էին տալիս լավագույն դեպքում տարվա ընթացքում իրականացնել մինչև 100 բնակարանների կառուցման և տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահառուների թիվը տարեցտարի աճում է: Նշված համակարգն իրեն սպառել է, որի արդյունքում գործընթացը դարձել է տնտեսապես ոչ շահավետ:
Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով աջակցել զինծառայողների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը` ապահովելով բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսավորման մատչելի պայմաններ:
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման կարգը և պայմանները, որոնց համաձայն զինծառայողները կարող են թե անմիջապես կառուցապատողից, և թե մարզերում երկրորդական շուկայից բնակարաններ կամ բնակելի տներ ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել 20 տարի ժամկետով հիպոտեկային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 9% տարեկան տոկոսադրույքով և պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար վճարելու, տոկոսադրույքի 4%-ի սուբսիդավորումից, իսկ մնացած 5%-ի վճարումն իրականացնել օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով:
Նախագծով կարգավորվում են նաև պետության և կառուցապատողի միջև հարաբերությունները, պետության անունից հանդես գալու իրավասությունը վերապահելով ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Ակնկալվող արդյունքը, որ որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի զինծառայողների բնակարանային խնդիրների լուծումը:
Նախագծին կարող եք ծանոթանալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում: