«Փոխանակ սեփական կեղտաջրերը մաքրեն և լուծեն սեփական խնդիրները, նրանք որոշում են շարունակել աշխատել այնպես, ինչպես աշխատել են, բայց բոլոր հնարավոր սահմանափակումները կիրառել մամուլի և լրատվամիջոցների նկատմամբ»,-այս մասին հրավիրված քննարկմանը հայտարարեց հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով Երևանի ավագանու նիստերը լրագրողների առաջ փակելու որոշմանը: Նրա կարծիքով՝ այդ միջադեպն ընդամենը պատրվակ էր, քաղաքական որոշումը վերնախավում արդեն ընդունված էր: Ըստ բանախոսի՝ փակ աշխատելն արդեն դարձել է գործելաոճ, որի դեմ պետք է պայքարեն նախ՝ ԶԼՄ-ները, նաև՝ հանրությունը, բացի այդ, իշխանության՝ հաշվետու լինելու պարտադրանքն է հանվում:
«Մամուլի ազատության սահմանափակումը քայլ է՝ միտված իշխանությունների պահանջների բավարարմանը, ոչ թե հասարակության»,-հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:
Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ պետք է չհամաձայնել, ընդվզել և պայքարել իրավունքների համար, քանի որ նորմ է դարձել, երբ իշխանությունները, չկարողանալով լուրջ քաղաքական, տնտեսական խնդիրներ լուծել, որպես մեղավոր ընտրում է մամուլը և թիրախավորվում լրագրողների վրա. «Իշխանությունները, այնուամենայնիվ, կգտնեն փաստարկներ իրենց այդ քայլերն արդարացնելու միջազգային կազմակերպությունների առաջ»։ Աշոտ Մելիքյանը վրդովվեց և իշխանություններին կոչ արեց, որ խայտառակ ընտրություններ անցկացնելուց հետո գոնե բարի գտնվեն և բաց աշխատեք.«Լրագրողների՝ պաշտոնյաների հետ շփվելը դարձել է Նոր տարվա լիմոնադի նման մի բան, իսկ եթե շաբաթը մեկ պաշտոնյաները ասուլիս տան, ապա լրագրողների կողմից նրանց նկատմամբ նման վայրենի գրոհ չի լինի»։
«Մի բան ակնհայտ է, որ խնդիրը պետք է հասնի մինչև Եվրոպական դատարան։ Ակնհայտ հակասություն կա Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի 10-րդ հոդվածի և Եվրոպական դատարանի սահմանած սկզբունքների միջև»,-ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը, հավելելով, որ փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որ ցանկացած բովանդակությամբ օրենք Ազգային ժողովում մեկ օրվա ընթացքում հնարավոր է ընդունել»։ Շուշան Դոյդոյանը մանրամասնեց, որ քաղհասարակությունը մի շարք գործողությունների է նախատեսում, բայց դեռ այդ մասին չեն հայտարարի, որպեսզի իշխանությունները չկարողանան պաշտպանվել: Շուշան Դոյդոյանն ընդգծեց՝ լրատվամիջոցները զուտ միջնորդ են, ովքեր այն ամենը, ինչ կատարվում է Կառավարությունում, քաղաքապետարանում, պետք է փոխանցեն հանրությանը: Նրա խոսքով՝ այս փոփոխությունները հանգեցնելու են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի առավել ակտիվ օգտագործմանը, լրատվամիջոցները շատ ավելի մեծ թվով գրավոր հարցումներով անհանգստացնելու են քաղաքապետարանին, Կառավարությանը, և նրանց համապատասխան վարչությունները պատրաստ չեն դրան:
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի խոսքերով՝ 21-րդ դարում փակ համակարգով ապրել հնարավոր չէ և մի օր կպայթի. «Սա ավտորիտար համակարգի ճանապարհին հերթական քայլն է։ Փակ համակարգ պիտի լինի, այն փակ պիտի լինի լրատվամիջոցների համար, ինչպես ԽՍՀՄ-ում, երբ կային մի քանի իշխանական լրատվամիջոցներ»,-ասաց նա, հավելելով, որ ստեղծված իրավիճակում Երևանի քաղաքապետը կարող է իր նախընտրած լրատվամիջոցներին հրավիրել ներս՝ նիստերը լուսաբանելու համար: Նա ընդգծեց, որ այստեղ լրագրողների իրավունքների մասին չէ խոսքը, այլ հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքի մասին, առաջին հերթին այդ իրավունքն է սահմանափակվում: «Այդ միջադեպն ընդամենը պատրվակ էր, որովհետև միտումը վաղուց էր նկատվում: Որևէ օդիոզ դեմքի հարց էին տալիս, ստանում զավեշտալի պատասխան, այդպես ներկայացնում էին, դա դառնում էր օրվա թեմա, հասարակությունն ասում էր՝ սա ապուշ է, հիմա որոշեցին ոչ թե ապուշ դեմքերին հեռացնել համակարգից, այլ ԶԼՄ-ներին թույլ չտալ նրանց ներկայացնել, կոպիտ ասած՝ իրենց դեմքը հայելու առջևից հեռացնելու փոխարեն որոշեցին հայելին փակել կամ կոտրել»,- ասաց նա:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի վստահեցրեց, որ եթե նիստերը լրագրողների համար փակ լինեն, ապա զգալիորեն փոխելու է նիստերի որակը: «Ելք» խմբակցության անդամը մտահոգություն հայտնեց, թե իրենց իրավունքներն էլ են ոտնահարվել. «Երևանի ավագանու խմբակցություններն իրավունք ունեն իրենց հայեցողությամբ քաղաքացիներին հրավիրել Երևանի ավագանու նիստերին։ Մեր այս իրավունքը նույնպես սահմանափակվել է։ Մենք նույնպես մտածում ենք մեր իրավունքի սահմանափակումը բողոքարկել»։ Եվրամիության ներկայացուցիչների համեմատություններին,թե եվրոպական երկրներում էլ են դռնփակ նիստեր տեղի ունենում«Ելք» խմբակցության անդամը ծիծաղելի համարեց: