Ադրբեջանական գերության մեջ խոշտանգումների ենթարկված և դրանց հետևանքով մահացած 77-ամյա հայ գյուղացի Մամիկոն Խոջոյանի գործը սեպտեմբերի 10-ին պաշտոնապես ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Խոջոյանի երեք զավակները գանգատ են ներկայացրել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն:
Խոջոյանի ընտանիքը ՄԻԵԴ-ին ներկայացված գանգատով պահանջում է Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումների արգելում), 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք), 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) և 14-րդ (խտրականության արգելում) հոդվածների խախտումների հիմքով: Նրանք նաև կոչ են անում լսել Ադրբեջանի իշխանությունների կողմից խոշտանգումների ենթարկված ՀՀ քաղաքացիների համանման` ներառյալ Արթուր Բադալյանի և Կարեն Պետրոսյանի գործերը:
«Խոջոյանը գերության սկզբից ևեթ ենթարկվել էր դաժան և վատ վերաբերմունքի, ինչը վերջնական արդյունքում հանգեցրեց նրա մահվան: Մենք դիմում ենք ՄԻԵԴ` Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության կանչելու իր կատարած ծանր հանցագործության համար և ապահովելու, որ վերջ դրվի այդպիսի վերաբերմունքին»,- ասել է ԸԻԿ փաստաբան Քրիստինա Գևորգյանը:
ՄԻԵԴ-ը պետք է քննարկի գանգատի ընդունելիության հարցը, որից հետո կարող է սկսվել դատական գործընթացը և Ադրբեջանի դեմ կայացվել պարտավորեցնող վճիռ: