Օգոստոսի 31-ին կայացավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Կարեն Կարապետյանը:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օրակարգային տարբեր հարցերի շարքում գործադիրը համաձայնություն տվեց Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Հիմնավորման համաձայն, բնակչության և օբյեկտների հրդեհների անվտանգությունն ապահովելու, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է տեխնիկայի վերազինում և արդիականացում: Յուրաքանչյուր հրշեջ-փրկարարական ջոկատում անհրաժեշտ է ունենալ առնվազն երկու հրշեջ մեքենա: Վերոնշյալ ծրագիրը, մասնավորապես, ուղղված է ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում հրշեջ-փրկարարական գույքի բարելավմանը, հրշեջ-փրկարարական գործողությունների արդյունավետ իրականացմանը, հրդեհների արձագանքման ժամանակի նվազեցմանը:
Վարչապետը նաև նախարար Դ. Տոնոյանից հետաքրքրվեց, թե արդյոք հայ փրկարարները կրկին ուղևորվել են Վրաստան՝ մասնակցելու Բորժոմիի անտառներում շարունակվող հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին: Նախարարը տեղեկացրեց, որ երեկ զրուցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ.
-Պայմանավորվել ենք պատրաստ վիճակում պահել մեր անձնակազմը: Վրացական կողմն ունի ուղղաթիռների խնդիր, ներկա դրությամբ բարձր պատրաստվածությամբ մեր ստորաբաժանումները կանգնած են,- նշեց նախարարը: