Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ճապոնական «Ինգերոսեկ» խորհրդատվական ընկերության միջև ստորագրվել է խորհրդատվական ծառայությունների տրամադրման մասին համաձայնագիր:
Դրա համաձայն՝ ճապոնական ընկերությունը պարտավորվում է ՀՀ ԱԻ նախարարությանն աջակցել տենդերային մրցույթի փաստաթղթերի պատրաստման և մրցույթի կազմակերպման հարցերում, օժանդակել սահմանված բարձր չափանիշներին տրամադրվող հրշեջ գույքի համապատասխանությունը ստուգելու հարցում, ինչպես նաև՝ կազմակերպել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական անձնակազմի վերապատրաստումը:
ՀՀ ԱԻ նախարարության կողմից համաձայնագիրը ստորագրեց աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը, ճապոնական կողմից՝ «Ինգերոսեկ» ընկերության ծրագրի կառավարիչ Տակեֆումի Մայումին:Այս մասին հաղորդում են ԱԻՆ պաշտոնական կայքից:
Գ.Հայրապետյանն իր խոսքում նշեց, որ Ճապոնիայի ներդրումը ՀՀ ԱԻ նախարարության կարողությունների զարգացման մեջ շատ մեծ է, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը և հուսով ենք, որ համագործակցությունը շարունակական կլինի:
Նշենք, որ համաձայնագիրը կնքվել է «Հակահրդեհային սարքավորումների բարելավման» ծրագրի շրջանակներում, որի շնորհիվ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրվի բարձր անցանելիության 36 նոր հրշեջ մեքենա և 3 ավտոսանդուղք: Նոր մեքենաներն արդիականացնելու են ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատները: