Ձկնարտադրության ոլորտի խնդիրները ջրի և ձկան կերի խնդիրն է՝ ձկնարտադրության երկու կարևոր գործոնները: Ըստ «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանտողների միության» և «Հայ տնտեսավարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանի խոսքերով ձկնարտադրության ոլորտը ՀՀ-ում անհուսալի և անկայուն է:
«Կարգ չկա, ճգնաժամ է ու լճացում, չկա միջին մակարդակ, տարերային բաներ են տեղի ունենում այս ոլորտում։ Մենք առաջարկություններ ենք անում, չեն լսում։ Ձկնաբուծներն ասում են` թող մեզ չխանգարեն, թողնեն մեզ աշխատենք, կայունացնենք ոլորտը։ Արդյունքում, արտադրությունը նվազեց 25-30%-ով, քանի որ ձկնաբուծները վախենում և ցանկանում են վնասի դեպքում գոնե քիչ տուժել»,-նշեց նԱրթուր Աթոյանը՝ հավելելով, որ ոչ մի ներդնող չի ուզում աշխատել, ոչ մի բանկ չի ուզում այս ոլորտում ներդրում կատարել:
Արթութ Աթոյանի խոսքերով՝ ձկնարտադրողը ձկան ինքնարժեքի իջեցման խնդիր ունի, որպեսզի կարողանա մրցունակ լինել նաև միջազգային շուկայում.
«Ջրի ու ձկան կերի խնդիր կա: Կերը, երբ էժան է, ինքնարժեքն էժան է լինում, իսկ մենք հիմա ինքնարժեքի խնդիր ունենք, մենք մրցունակությանը չենք դիմանում հենց ինքնարժեքի պատճառով: Հիմա մենք թթվածնով ենք ջուրը հագեցնում, սակայն սա էլ հարցի լուծում չէ, քանի որ նման ձևով շատ ձուկ են լցնում ջրավազան, իսկ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով խնդիրներ են առաջանում»,-հավելելով, որ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ձկնարտադրողները անգամ մի քանի տոննա ձկան կորուստ են ունեցել:
Ըստ ՀԿ նախագահի՝ ոլորտում առկա խնդիրները չեն կարգավորվում, որովհետև խնդիրների լուծման արդյունավետ ու ժամանակակից մեթոդներին չենք տիրապետում:
«Գյուղատնտեսության նախարարությունում փոխվեց նախարարը, սակայն աշխատելաոճն ու առաքելությունը մնաց նույն, որը չի համապատասխանում նախարարության աշխատելավոճին: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ աշխատակազմն է ղեկավարում նախարարությունը, այլ ոչ թե նախարարը՝ աշխատակազմին»,-նկատեց նա հավելելով, որ գյուղատնտեսը մնացել է մեն-մենակ իր խնդիրների հետ:
Ըստ նրա՝ գյուղատնտեսության նախարարությունը այսօր արդեն պետք է նոր տեխնոլոգիաներ, գիտական փորձ առաջարկեր գյուղացուն, ինչը չի արվում:
«Գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում մեր կազմակերպության հետ, պատճառը այն է, որ մենք ապահովում ենք տնտեսվարողի իրավական ապահովություն, իսկ նախարարությանը, կարծես թե, պետք չէ, որ ֆերմերն իր կողքին ունենա նման մարդ, որ իրենք կարողանան իրենց կամայականություններն անել»,- շարունակեց Արթուր Աթոյանը:
Անդրադարնալով օրերս Սոչիի օդանավակայանում ոչնչացված շուրջ 280 կգ` մոտ 20 արկղ ձկան խնդրին, որը ՀՀ-ից տեղափոխվում էր ԵՏՄ երկրներ, Աթոյանը նշեց, որ դա հարված էր և մեր տնտեսվարողի, և սպառողի շահերին. «Սա կոռուպցիա է, մաքսանենգության կամ տգիտության դասական օրինակ: Թառափի մասով Թուրքիայից բացի, նոր մրցակից ենք ունենալու, օրինակ՝ Ադրբեջանը շուտով ՌԴ շուկա է մտնելու թառափի մեծ քանակությամբ։ Ջուրը, կերը, էլեկտրաէներգիան թանկ են մեզանում։ Պետք է հզոր տեխնոլոգիաներ բերենք ՀՀ ու մեր տեղական մասնագետների միջոցով զարգացնենք ոլորտը։ Կարող ենք դոնորներ գտնել, տնտեսվարողին խրախուսել, որ նա ներդրում անի»,- ասում է բանախոսը:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի