Գործի շրջանակներում չորս ալբանացի Դիմումատուներ բողոք են ներկայացրել` իրենց բացակայության պայմաններում իրականացված քրեական դատավարության վերաբերյալ։ Բոլոր Դիմումատուները, բացառությամբ մեկի, ներկայումս կրում են պատիժը՝ 13-ից մինչև 25 տարվա ազատազրկման տեսքով։
Դիմումատուներ Արդիթ Հյուսին, Վլադիմիր Մալոն և Արբեն Տոպին մշտապես բնակվել են արտասահմանում, սակայն 2006 թվականին նրանց հանձնել են Ալբանիայի կառավարությանը՝ օտարերկրյա պետության քրեական օրենքը խախտելու պատճառով։
Առաջին Դիմումատուն՝ Արդիթ Հյուսին, ծնվել է 1977 թվականին։ Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն իրականացվել է նրա բացակայության պայմաններում։ 2005 թվականին վերջինիս իր բացակայությամբ դատապարտել են ազատազրկման՝ մահվան պատճառ դարձած գողության փորձի մեղադրանքով։ Դիմումատու Վլադիմիր Մալոն ծնվել է 1975 թվականին։ 2002 թվականին Մալոն իր բացակայությամբ դատապարտվել է ազատազրկման՝ զինված կողոպուտ, անզգույշ սպանություն և կանխամտածված սպանություն կատարելու համար։ Երրորդ Դիմումատուն՝ Արբեն Տոպին, ծնվել է 1977 թվականին։ 2002 թվականին նրան նույնպես իր բացակայությամբ դատապարտել են ազատազրկման՝ զինված հանցախումբ ստեղծելու, այդ խմբին անդամակցելու և դիտավորյալ սպանության փորձ կատարելու համար։
Չորրորդ Դիմումատուն՝ Բլերիմ Մուցան, ծնվել է 1970 թվականին և ապրում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ կանխամտածված սպանություն գործելու համար, սակայն նա ազատվել է պատասխանատվությունից։ Վերջինս մեկնել է արտասահման՝ մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Այնուամենայնիվ, 2000 թվականին Դիմումատու Մուցան դատապարտվել է ազատազրկման՝ իր գործով քննիչի և իր հանցակցի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա։ 2005 թվականին Դիմումատու Մուցայի ընտանիքի անդամները տեղեկացրել են նրան՝ Ալբանիայի Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման մասին։
Դիմումատու Հյուսին և Դիմումատու Մալոն բողոքել են դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն Ալբանիայի Վերաքննիչ դատարանը և Գերագույն դատարանը հաստատել են նախորդ որոշումները։ Դիմումատու Մուցան նույնպես բողոքել է իրեն ազատազրկման դատապարտելու որոշման դեմ, սակայն նրա բողոքը մերժվել է՝ դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալու հիմքով։ Դիմումատու Տոպին բողոք է ներկայացրել Ալբանիայի Սահմանադրական դատարան՝ իր բացակայությամբ իրեն ազատազրկման դատապարտելու վերաբերյալ։ Վերջինիս բողոքը նույնպես մերժվել է՝ դատարանի որոշումը բողոքարկելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալու հիմքով։ Հետագայում Դիմումատուները կրկին փորձել են բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան, սակայն ապարդյուն։
Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում: Դիմումատուները բողոքել են իրենց բացակայության պայմաններում դատարանի կայացրած որոշումների արդարացիության մասին։
Նրանք իրենց բողոքի մեջ նաև նշել են, որ տեղյակ չեն եղել դատաքննության մասին և հնարավորություն չեն ունեցել անձամբ ներկայանալ դատարան, ինչպես նաև՝ հնարավորություն չեն ունեցել բողոքարկել դատարանի կայացրած որոշումները։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ բոլոր չորս Դիմումատուների նկատմամաբ տեղի է ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում: Դիմումատուներ Հյուսին, Մալոն և Մուցան իրենց պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին հայց չեն ներկայացրել, և ՄԻԵԴ-ը վճռել է, որ վերը նշված խախտման բացահայտումն ինքնին պատշաճ և արդարացի բավարարում է։
Դիմումատու Տոպին նույնպես վնասի փոխհատուցման պահանջի մասին հայց չի ներկայացրել, սակայն ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պատասխանող Պետությունը պարտավոր է դատական ծախսերի համար Տոպիին վճարել 1․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։