ՀՀ-ում տարեկան կատարվում է 8000-8500 հղիության արհեստական ընդհատում

Երեխայի ծնունդը ընտանիքի ամրության կարևորագույն բաղադրիչներից մեկն է, սակայն քիչ չեն դեպքերը, երբ հղիությունը դառնում է անցանկալի և ծնողները հրաժավում են լույս աշխարհ բերել իրենց երեխային: Անցանկալի հղիության հետևանքներից խուսափելու համար շատ կանայք գիտակցաբար կամ անգիտակցաբար դիմում են հղիության արհեստական ընդհատման:

Հայաստանում հղիության արհեստական ընդհատումը օրինականացվել է դեռևս Խորհրդային շրջանում` 1920 թվականին: 1936 թվականին այն կրկին արգելվեց և նորից օրինականացվեց միայն 1955 թվականին:

Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության տվյալների ՀՀ-ում տարեկան կատարվում է 8000-8500 հղիության արհեստական ընդհատում:

Աբորտի կանայք դիմում են տարբեր պատճառներով: Շատերը այդ քայլին դումում են անցանկալի հղիության պատճառով, ոմանք` սոցիալական խնդիրների պատճառով չեն կարողանում պահել  երեխային, ոմանք` չեն ցանկանում շուտ երեխաներ ունենալ, իսկ ոմանք էլ երկուսից ավելի երեխա չեն ուզում:

Համաձայն «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք և մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն, իսկ 12-ից մինչեւ 22 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ՝ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ:

Գինեկոլոգ Իդա Նավասարդյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ լինում են դեպքեր, երբ աբորտն անխուսափելի է. «Գոյություն ունի հիվանդությունների ցանկ, որոնք ունենալու դեպքում կինը չպետք է ծննդաբերի, և այդ պարագայում խորհուրդ է տրվում անպայման կատարել աբորտ»:

Աբորտ կարելի է կատարել նաև այն դեպքում, երբ պտուղը ունենում է որոշակի խնդիրներ. «Այդ դեպքում պարտադիր է կատարել աբորտ, որպեսզի քչանա արատավոր երեխաների քանակը: Վերջին շրջանում բժշկությունն աճ է գրանցել և հիմա ուլտրաձայնային դիագնոստիկայի և արյան միջոցով հնարավոր է վաղաժամ հայտնաբերել պտղի արատները և որոշել ենթակա է աբորտի, թե ոչ»,- նշեց գինեկոլոգը: Այս  դեպքերում ևս հղիության ընդհատումը կատարվում է բացառապես կնոջ գրավոր համաձայնությամբ:

Բժիշկ Նավասարդյանը նաև հայտնեց, որ աբորտից հետո կարող են առաջանալ  մի շարք բարդություններ՝  բորբոքային պրեցեսներ, երկրորդային չբերություն և թափածակում. «Սակայն բժշկական կանոնների պահպանման դեպքում նման բարդություններ չեն լինի կամ էլ  շատ քիչ կլինեն»,- նշեց նա:

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի համաձայն`  ընդհատումը կարող է իրականացվել միայն մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող հիվանդանոցային առողջապահական հաստատություններում:

ՀՀ Քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն` ապօրինի աբորտ կատարելը համապատասխան բժշկական կրթություն ունեցող անձի կողմից պատժվում է` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով՝ 100.000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, իսկ եթե արհեստական ընդհատումը իրակացրել է համապատասխան բժշկական կրթրություն չունեցող անձը, այդ դեպքում պատժվում է` նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով՝ 200.000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Պարզելու համար, թե արդյո՞ք Հայաստանում վերջին շրջանում գրանցվել են ապօրինի աբորտի դեպքեր, ՀՀ առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ վերջին 2 տարիների ընթացքում ապօրինի աբորտի դեպքեր չեն արձանագրվել:

Քիչ չեն նաև այն կանայք, որոնք դիմում են տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատման: Այդ դեպքում նրանք փորձում են արհեստական ընդհատում կատարել դեղերի միջոցով` անտեսելով այն հանգամանքը, որ  այդ դեղամիջոցները չի կարելի օգտագործել առանց բժշկի խորհրդի:

Ի տարբերություն վիրաբուժական միջամտության դեղորայքային աբորտն ավելի անվնաս է:

Գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի համոզմամբ՝ տնային պայմաններում վիժում առաջացնող դեղամիջոցների օգտագործումը սխալ քայլ է, քանի որ կարող է անձի առողջության վրա ունենալ բացասական հետևանքներ:

«Այս դեպքում բարդությունների առաջացման վտանգը ավելի  քիչ է, սակայն, որքան էլ դեղորայքային աբորտը լինի անվտանգ, միևնույնն է այն կնոջ օրգանզմին հասցնում է մեծ հարված: Տեղի են ունեում մեծ փոփոխություններ հորմոնային համակարգում, վերակառուցվում է ողջ վերարտադրողական ֆունկցիան, իմունիտետն ընկում է, մեծանում է բորբոքային պրոցեսների առաջացման վտանգը»,- ասաց նա:

Դեղահաբերը ընդունելուց առաջ նախ կինը պետք է անցնի ուլտրաձայնային հետազոտություն՝ հղիության ժամկետները որոշելու և արտարգանդային հղությունը բացառելու հետևանքով, քանի որ շատ հնարավոր է, որ  հղիությունը լինի արգանդից դուրս և կնոջ մոտ սկսվի ուժեղ արյունահոսություն:

Տիկին Հովհաննիսյանի կարծիքով կանայք դիմում են դեղահաբի օգնությանը` գումարային խնդիրների պատճառով:

Հղիության արհեստական ընդհատման պատճառ կարող է հանդիսանալ նաև երեխայի սեռը, քանի որ շատ ծնողներ ցանկանում են ունենալ տղա երեխաներ:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացրած «Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածությունն ու պատճառների» վերաբերյալ հետազոտության համաձայն` Հայաստանում նախապատվությունը տրվում է տղա երեխաներին, քանի որ հարցված կանանց 64%-ի պնդմամբ տղան տոհմի շարունակողն է, 33%-ի կարծիքով՝ տղան ունեցվածքի ժառանգն է, իսկ 17%-ի կարծիքով՝ տղան հայրենիքի պաշտպանն է:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով ծնունդների բնականոն  սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով: Մինչդեռ` Հայաստանում այս հարաբերակցությունը էականորեն խախտված է, ինչն ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին:

ՀՀ Առողջապահության նախարարությունից ի պատասխան մեր հարցմանը հայտնեցին, որ ՀՀ-ում նորածինների մոտ աղջիկ/տղա հարաբերակցությունը ցուցաբերում է նվազեցման միտում, եթե 2008-2012թթ. այն կազմել է 100/115, ապա 2016թ.` 100/112:

Նշենք, որ 2011 թվականին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը Հայաստանում մեծածավալ հետազոտություն է իրականացրել, ինչի  արդյունքում բացահայտվել է, որ  ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները  ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք: Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա):

Ըստ գինեկոլոգ Իդա Նավասարդյանի՝ սելեկտիվ աբորտների ավելացման  միակ պատճառը հայկական մենտալիտետը և հայ լինելն է:  Քանի որ մեզ մոտ բոլորը ցանկանում են ունենալ տղա երեխաներ:

«Սակայն  վերջին շրջանում շատ են նաև այն երիտասարդները, ովքեր ցանկանում են ունենալ միայն առողջ երեխա և այլևս չեն կարևորում երեխայի սեռը»,- նշեց գինեկոլոգը: Նա նաև հավելեց, որ ծնողները չունեն իրավունք ընտրելու իրենց երեխայի սեռը:

Նշենք, որ սեռով պայմանավորված աբորտների թիվը նվազեցնելու համար 2016 թվականի հունիսի 29-ին փոփոխության է ենթարկվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը: Համաձայն որի` սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեսետական ընդհատումն արգելվում է:

Մեկնաբանություններ