Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր վասության դատարանում կայացավ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:
Այսօրվա նիստին՝ դատավորի դիմումի համաձայն, դատարան էին ներկայացել փաստաբաններ Հանրային պաշտպանի գրասենյակից: Վերջիններս հայտնեցին, որ իրենք չեն կարող հանդես գալ միջնորդություններով և արտահայտել իրենց դիրքորոշումը, քանի որ չեն հանդիսանում դատավարության կողմ, բացի այդ մեղադրյալները չեն տվել իրենց համաձայնությունը, որպեսզի իրենք ստանձնեն վերջիններիս պաշտպանությունը:
Դատարանը որոշեց նիստերի դահլիճ հրավիրել «Սասնա ծռերի» անդամներ Գագիկ Եղիազարյանին, Սմբատ Բարսեղյանին, Արեգ Կյուրեղյանին և Էդվարդ Գրիգորյանին, վերջիններիս դիրքորոշումը պարզելու համար: Սակայն ամբաստանյալները հայտնեցին, որ չեն ցանկանում, որպեսզի իրենց շահերը պաշտպանեն հանրային պաշտպանները, բացի այդ սանկցիայի ժամկետը լրանալուց հետո իրենց պաշտպանությամբ կզբաղվեն միայն իրենց կողմից ներկայացված պաշտպանները:
«Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանն էլ հայտնեց, որ իրենք ցանկանում են, որպեսզի իրենց պաշտպանությունը իրականացնեն իրենց նախկին պաշտպանները.«Շնորհակալություն Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, որ նրանք լսեցին Մխիթար Ավետիսյանին և դադարեցրին հացադուլը»:
«Հանրային պաշտպանի ռեսուրսները խնայեք, քանի որ դա պետք կգա Սերժ Սարգսյանին պաշտպանելու ժամանակ»,- այս մասին էլ հայտնեց Պավլիկ Մանուկյանը:
Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ հաշվի չառնելով մեղադրյալների դիրքորոշմանը, որոշեց հանրային պաշտպաններին ներգրավել սույն գործում:
«Սասնա ծռերից» Մխիթար Ավետիսյանն էլ հրաժարվեց պաշտպան ունենալուց՝ նշելով, որ քանի դեռ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջը չի կատարվել, ինքն անձամբ կպաշտպանի իր շահերը:
Այնուհետև միջնորդությամբ հանդես եկավ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը, վերջինս դատարանից պահանջեց հեռացնել դատախազ Արամ Արամյանին գործի վարույթից՝ իր պաշտպանյալի նկատմամբ անպարկեշտ արտահայտություն հնչեցնելու համար:
Նշենք, որ դատական նիստերից մեկի ժամանակ դատախազ Արամ Արամյանը Արայիկ Խանդոյանին «վիժվածք» էր անվանել, ինչի համար դատավորը նրա նկատմաբ կիրառել էր նախազգուշացում:
Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ ի պատասխան Արայիկ Պապիկյանի հայտնեց, որ չի ցանկանում անդրադառնալ միջնորդությանը և թողնում է այն առանց քննության: