ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է հոր կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ հոր կողմից իր՝ 2004թ. ծնված որդու համար տևական ժամանակ ապրուստի միջոց վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևան քաղաքի 36-ամյա բնակիչն ամուսնալուծությունից հետո, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով, պարտավորվել է հօգուտ իր նախկին կնոջ խնամքին գտնվող անչափահաս որդու համար 2014թ. հունվարի մեկից մինչև վերջինիս չափահաս դառնալը, որպես ապրուստի միջոց, յուրաքանչյուր ամիս վճարել 25.000 ՀՀ դրամ: Դատարանի կողմից սահմանված գումարը վճարել է մինչև 2015 թվականի մայիս ամիսը, իսկ հունիսից՝ ոչ։ Քննությամբ պարզվել է, որ այդ ընթացքում տղամարդը մշտապես ունեցել է աշխատանք և ստացել կանոնավոր աշխատավարձ, ապառիկ կարգով գնել ավտոմեքենա։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով, նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Տղամարդն ընդունել է առաջադրված մեղադրանքը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Նախաքննության ընթացքում նա վճարել է որդու խնամքի համար որպես ապրուստի միջոց 675 հազար ՀՀ դրամ ալիմենտի գումարը և վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել անդորրագրերը։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: