Հայաստանի և Մեծ Բրիտանիայի խորհրդարանների միջեւ ձեւավորված է արդյունավետ համագործակցություն

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ջենիֆեր Մքնոթանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը եւ երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Միացյալ Թագավորության դեսպանության հետ համատեղ իրականացվող ծրագրերին եւ հույս հայտնել, որ դրանք կլինեն շարունակական՝ ընդգրկելով համագործակցության այլ ուղղություններ եւս: Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է նաեւ օրենսդրական բարեփոխումների գործընթացը:

Նույն օրը Ջենիֆեր Մքնոթանի հետ հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը՝ նշելով, որ չնայած Բրեքսիթի գործընթացով Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրոպական միությունից, բայց երբեք չի լքելու Եվրոպան:

Կողմերը քննարկել են նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվելիք ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրին առնչվող հարցեր: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ խորհրդարանին եւ իր ղեկավարած հանձնաժողովին օրենսդրության մոտարկման լուրջ աշխատանք է սպասվում: Քննարկվել է նաեւ կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների կանխարգելմանն ուղղված օրենսդրական կարգավորումներն ու այդ ուղղությամբ խորհրդարանի առաջիկա անելիքները, ինչպես նաեւ՝ վիզաների դյուրացման գործընթացը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Արեւելյան գործընկերության օրակարգում առկա այլ խնդիրներ:

Մեկնաբանություններ