Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հանրային պաշտպան կներգրավվի

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին, ինչպես նախորդ նիստի ժամանակ այսօր ևս չէին ներկայացել ամբաստանյալներ Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի պաշտպանները:

Դատավոր Դավիթ Հարությունյանը ներկաներին հայտնեց, որ դատարանը կապ է հաստատել Վաչե Սահակյանի մորաքրոջ հետ` վերջինս նրանց պատասխանել է, որ դեռևս բանակցություններ են ընթանում գործում նոր  պաշտպան ներգրավելու ուղղությամբ: Նշենք, որ արդեն երրորդ դատական նիստն է ինչ ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպանը չի ներկայանում դատարան: Պատճառն այն է, որ նրա պաշտպան Արմեն Նադիրյանը մեկ այլ աշխատանքի պատճառով չի կարող այլևս ներկայացնել նրա շահերը:

Ամբաստանյհալ Վաչե Սահակյանը դատարանին հայտնեց, որ նոր պաշտպանի վերաբերյալ տեղեկություններ չունի. «Որքանով տեղյակ եմ մորաքույրս փորձում է խորհրդակցել փաստաբան Արա Զաքարյանի հետ»,- ասաց նա: Դատավորի այն հարցին, թե՞ արդյո՞ք կա անհրաժեշտություն գործում հանրային պաշտպան ներգրավելու համար, ամբաստանյալը պատասխանեց, որ մինչև չխորհրդակցի իր ծնողների հետ, չի կարող իր համաձայնությունը տալ հանրային պաշտպան ներգրավելու համար:

Լսելով կողմերի կարծիքները, դատավորը որոշեց Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանին հեռացնել քրեական գործի վարույթից և նշանակել հանրային պաշտպան, իսկ  որոշումը կուղարկվի Հանրային Պաշտպանի գրասենյակ:

Դատավորն այնուհետև անդրադարձավ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանի բացակայությանը` վերջինիս բացակայությունը համարելով անհարգելի, քանի որ պաշտպանը արդեն 2-րդ դատական նիստն է ինչ չի ներկայանում դատարան  և չի տեղեկացնում իր բացակայության պատճառը:

Ամբաստանյալ Գնել Թևոսյանը խոսելով իր պաշտպանի բացակայության մասին` հայտնեց, որ անցած շաբաթ հանդիպում է ունեցել Արա Զաքարյանի հետ և ոչ մի խոսակցություն չի եղել բացակայության վերաբերյալ. «Ես տեղյակ եմ, որ նա պետք է ներկայանար նիստին»,- ասաց ամբաստանյալը:

Մեղադրող կողմն առաջարկեց սպասել հաջորդ դատական նիստին, և, եթե Արա Զաքարյանը չունենա հիմնավոր պատասխան իր բացակայության վերաբերյալ, այդ ժամանակ քննարկել վարույթից հեռացնելու հարցը, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արկադի Բարսեղյանը առաջարկեց սանկցիա կիրառել պաշտպանի նկատմամբ, քանի որ սա առաջին դեպքը չէ:

Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց սպասել մինչև հաջորդ նիստը,  եթե Արա Զաքարյանը չներկայանա նիստին, այդ դեպքում կքննարկվի քրեական գործի վարույթից հեռացվելու հարցը, իսկ ներկայանալու դեպքում կքննարկվի դատական սանկցիա կիրառելու հարցը:

Նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 9-ը:

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Ելենա Արամյան

 

Մեկնաբանություններ