Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Հայաստանում հայտարարում է Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) ազգային դատախաղ-մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման մեկնարկը։ Դատախաղը տեղի կունենա Հայաստանում ս.թ. դեկտեմբերի 8-ից 10-ը։
Մրցույթը Հայաստանում անցկացվող առաջին դատախաղերից մեկն է, որը 2005 թվականից սկսած կազմակերպում է ԿԽՄԿ-ն։ Մրցույթի նպատակն է՝ բարձրացնել ՄՄԻ-ի խնդիրների իրազեկվածությունը իրավաբանական ֆակուլտետների ուսանողների շրջանում, ինչպես նաեւ զարգացնել ուսանողների մոտ այդ իրավունքի նորմերի ոչ միայն տեսական գիտելիքը, այլեւ գործնականում կիրառելու ունակությունները։
Ի՞նչ է միջազգային մարդասիրական իրավունքը
ՄՄԻ-ն ճանաչված է նաեւ որպես պատերազմի կամ զինված ընդհարումների իրավունք։ Որպես կանոնների եւ սկզբունքների համախումբ՝ ՄՄԻ-ն ձգտում է սահմանափակել զինված հակամարտությունների բացասական հետեւանքները՝ ելնելով մարդասիրական նպատակներից։ ՄՄԻ-ն կոչված է պաշտպանելու այն անձանց, ովքեր այլեւս չեն մասնակցում ռազմական գործողություններին, ինչպես նաեւ սահմանափակելու պատերազմում օգտագործվող զենքերի եւ մեթոդների տեսակները։
«ՄՄԻ դատախաղը ինքս ինձ մարտահրավեր նետելու հնարավորություն տվեց։ Ինձ համար դատախաղը, առաջին հերթին, սթրեսը հաղթահարելու եւ կարճ ժամանակում արագ որոշումներ կայացնելու մասին է։ Մրցույթը ոչ միայն ծանոթացարեց ինձ գրքերից դուրս ՄՄԻ-ին, այլ նաեւ նպաստեց իմ զարգացմանը որպես անհատի», – ասում է 2016 թվականի ՄՄԻ դատախաղի հաղթող Արթուր Ղուլյանը, ով ստացել էր Էստոնիայում միջազգային իրավունքի ամառային դպրոցին մասնակցելու հնարավորություն։
Ինչո՞վ է ՄՄԻ վերաբերյալ ազգային դատախաղ-մրցույթը տարբերվում ձեզ ծանոթ այլ դատախաղերից
Մրցույթը նպատակ ունի «կյանք հաղորդել» իրավունքին եւ ուսանողներին ներգրավել տարբեր տեսակի մոդելներում եւ դերախաղերում։ Թիմերը ներկայացնում են ՄՄԻ-ի որեւէ ոլորտի վերաբերյալ իրենց բանավոր պատասխանները։ Դատախաղին նախապատրաստվելու, հռետորական եւ դատարանում ներկայացնելու ունակությունները բարելավելու նպատակով ուսանողները դատախաղից մի քանի շաբաթ առաջ կանցնեն դասընթացներ եւ հրահանգիչների օգնությամբ կպատրաստվեն մրցույթին։
Մրցույթի արդյունքը հաշվարկվում է բոլոր փուլերի ընթացքում թիմերի հավաքած միավորների հիման վրա։ Եզրափակիչ փուլն անցնում են նրանք, ովքեր ցույց են տվել ամենալավ արդյունքն ամբողջ խաղի ընթացքում։ Այսպիսով, ամեն փուլից հետո մեկ թիմի դուրս մնալու փոխարեն բոլորին հնարավորություն է տրվում մասնակցել դատախաղի մի քանի փուլերին։
Մասնակցության պահանջները եւ գրանցումը
Մրցույթին մասնակցելու համար թիմը պետք է բաղկացած լինի երեք ուսանողներից, ովքեր սովորում են ՀՀ բուհերի, ինչպես նաեւ զինվորական ակադեմիաների իրավաբանական, քաղաքագիտության կամ միջազգային հարաբերությունների բաժիններում։
Թիմի անդամները պետք է ներկայացնեն նույն ուսումնական հաստատությունը եւ նախկինում մասնակցած չլինեն այս մրցույթին։ Նրանք պետք է լրացնեն ստորեւ կսցված հայտը անգլերենով կամ հայերենով եւ պատասխանեն ստորեւ ներկայացվող՝ ՄՄԻ թեմային վերաբերող հարցերին հայերեն կամ անգլերեն։
Լրացված հայտերը պետք է ներկայացնել ԿԽՄԿ պատվիրակություն Հայաստանում (0014, Երեւան, Նաիրի Զարյան փ. 73/1) կամ ուղարկել հետեւյալ էլ. հասցեով՝ [email protected]։ Հայտերն ընդունվում են մինչեւ ս. թ.նոյեմբերի 14-ը, ժամը 18:00։ Ընտրված մասնակիցները կտեղակացվեն մինչեւ նոյեմբերի 17-ը։
Ընտրությունը եւ մրցանակները
Մրցույթին կմասնակցեն միայն ընտրված մասնակիցները։ ԿԽՄԿ-ն կհոգա մասնակցության, կացության եւ տրանսպորտի հետ կապված բոլոր ծախսերը։ Հաղթող թիմին հնարավորություն կտրվի մասնակցելու արտերկրում կայանալիք ՄՄԻ-ի վերաբերյալ միջոցառման։