Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր:
Ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով լուծումներ են առաջարկվում գործող օրենքով չկարգավորվող խնդիրներին: Մասնավորապես՝ հստակ սահմանվում են բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պարտականությունները, արհեստավարժ կառավարման պահանջները և դրանց չկատարման համար վարչական և քաղաքացիաիրավական պատասխանատվության ներգործության միջոցները:
Վարչապետը հանձնարարել է շարունակել համատիրությունների գործունեության միջազգային փորձի ուսումնասիրությունները և ընդգծել, որ այս ոլորտում աշխատանքը պետք է կազմակերպել հնարավորինս արդյունավետ ու պրագմատիկ՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բացերը: Այս մասին հաղորդում են Կառավարության պաշտոնական կայքից: