Կառավարությունը կաջակցի տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որի ժամանակ՝ ՀՀ մարզերում կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից տուժած համայնքների բնակիչներին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ գումար կհատկացվի տուժած համայնքների հողօգտագործողների վնասված տարածքների 2017 թ. հողի հարկի և օգտագործված ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով:


Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2017 թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով:

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է 12.000,0 հազար դրամ տրամադրել ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում 4 ընտանիքի և 32,324,1 հազար դրամ՝ ՀՀ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում 8 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման համար:

Մեկնաբանություններ