Սեպտեմբերի 5-ից 7-ը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությունում (Լիոն, Ֆրանսիա) տեղի ունեցավ Ինտերպոլի Եվրոպական կոմիտեի 76-րդ հանդիպումը, որին մասնակցում էին Անդորրայի, Ավստրիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Ֆինլանդիայի ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչը՝ ի դեմս ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ԻԵԿ-ի նախագահ տիկին Վան Դեն Բերգը:
Ընդունվեց հանդիպման օրակարգը: Ներկայացվեցին հաշվետվություններ ԻԵԿ-ի 75-րդ հանդիպման և Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 45-րդ կոնֆերանսի կողմից ընդունված հանձնարարակաների կատարման ընթացքի մասին, 2018թ. Եվրոպական տարածաշրջանային 46-րդ կոնֆերանսի նախապատրաստման գործընթացը, 2017-2020 թթ. Եվրոպական բիզնես պլանում առաջարկվող փոփոխությունները, Ինտերպոլ-Եվրոպոլ գործունեության կոորդինացում, ԵՄ կողմից օժանդակվող Ինտերպոլի նախաձեռնությունները, պաշտպանված ուղիներով կարևոր տեղեկատվության և տվյալների փոխանակում, ԻԵԿ-ի անդամների կողմից սպասարկվող եվրոպական անդամ երկրների վերաբաշխումը և Եվրոպական տարածաշրջանում կազմակերպության գործունեությանն անմիջականորեն առնչվող կարևորագույն այլ հարցեր:
Քննարկումների արդյունքում որոշակի եզրահանգումներ արվեցին և համապատասխան հանձնարարականներ ընդունվեցին` ԻԵԿ-ի հաջորդ հանդիպմանը քննարկելու և համապատասխանաբար զեկուցելու նպատակով: Միաժամանակ՝ առաջարկություններ և մեկնաբանություններ եղան օրակարգի հարցերի քննարկման հետ կապված գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ քննարկվեցին մեթոդական և օպերատիվ բնույթի մի շարք հարցեր, այդ թվում՝ 2017-2020 թթ. եվրոպական բիզնես պլանը` կատարման որակական չափորոշիչները, եվրոպական մակարդակում Ինտերպոլի գործունեության շրջանակների ընդլայնումը: Հատկապես բուռն քննարկումներ եղան Ինտերպոլին անդամակցելու վերաբերյալ վերջերս հայտ ներկայացրած երկրների՝ կազմակերպությանը անդամակցելու օրինականության և գործող կանոնադրությանը համապատասխանելիության տեսանկյունից:
Հայաստանի ներկայացուցիչը կոմիտեի անդամների հետ մասնավոր հանդիպումների ընթացքում քննարկումներ ունեցավ ԱԿԲ-ի համար հետաքրքրություն ներկայացնող՝ ներկայումս ընթացքի մեջ գտնվող կոնկրետ գործերով ձեռնարկվող քայլերի շուրջ:
Արա Ֆիդանյանը հանդիպումներ ունեցավ նաև Գլխավոր քարտուղար Շտոկի, Գլխավոր քարտուղարության ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչների և հանցավորության տարբեր ոլորտների դեմ պայքարի աշխատակիցների հետ: