Կայացավ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 29-ին հրավիրված նիստում քննարկել է առաջիկա աշնանային նստաշրջանի եւ առաջին քառօրյայի օրակարգերում ընդգրկվելիք մի շարք հարցեր։

Հանձնաժողովի օրակարգի հաստատումից հետո ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հանձնաժողովականներին է ներկայացրել «Ճարտարապետական գործունեության մասին» եւ եւս երկու օրինագծից բաղկացած օրենսդրական փաթեթը, որով փորձ է արվում կարգավորել մեր երկրում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, սահմանում «ՀՀ ճարտարապետների պալատի»՝ որպես հասարակական միավորման առանձին տեսակի կազմակերպական-իրավական ձեւն ու դրա գործունեության ընդհանուր հիմունքները եւ առանձնահատկությունները։

Նարեկ Սարգսյանը նշել է, որ ճարտարապետությունը ազգային մշակույթի դիմագիծն է։ Իսկ ճարտարապետական ստեղծագործությունը, շինությունների հարմարավետությունը, հուսալիությունն ու որակը, դրանց ներդաշնակությունը շրջական միջավայրի եւ պատմական ժառանգության հետ հաշվի նստելն ունեն հանրային նշանակություն։

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խոսքով՝ օրինագծի նպատակն է, որ նշված գործառույթներն ստանձնելիս ճարտարապետն օժտված լինի բավարար փորձառությամբ, մասնագիտական հմտությամբ եւ կրի համաչափ պատասխանատվություն:

Օրենքի նախագիծը կյանքի կոչվելուց հետո գործող Հայաստանի ճարտարապետների միավորումը վերակազմավորման միջոցով կստեղծի ՀՀ ճարտարապետների պալատ ինքնակարգավորվող կազմակերպությունը։

Յուրաքանչյուր ճարտարապետ գործունեություն ծավալելու համար, այսուհետեւ պետք է պարտադիր արտոնագրվի ՀՀ ճարտարապետների պալատի կողմից եւ իրականացնի բոլոր այն պարտականություններն ու լիազորությունները, որոնք սահմանված են օրենքով, ինչպես նաեւ օգտվի օրենսդրական արտոնություններից։

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունվել են հիմնական զեկուցողի կողմից։

Ներկայացված բոլոր առաջարկությունները դրվել են քվեարկության, ապա օրենսդրական փաթեթը, որը դրական եզրակացությամբ կներկայացվի առաջիկա քառօրյայի օրակարգի նախագծում։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն առաջին ընթերցման է ներկայացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ մի շարք օրինագծերից բաղկացած օրենսդրական փաթեթը։

Ըստ փոխնախարարի՝ նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կառավարության որդեգրած՝ տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման ու պարզեցման քաղաքականության համատեքստում։

Այս նպատակների իրականացումը սերտորեն կապված է լիցենզավորման բնագավառում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաեւ մաքսային բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման պահանջը հանելու հետ:

Համակողմանի քննարկման արդյունքում հանձնաժողովը օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն առաջիկա քառօրյայի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար։

«ՀՀ օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվում կարգավորել բնագավառում առկա մի շարք խնդիրներ։

Նշվել է, որ ներկայում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման եւ հողաշինարարության մասնագետներն արդեն իսկ որակավորվում են անժամկետ։ Առաջարկվում է նույն մոտեցումը կիրառել նաեւ անշարժ գույքի գնահատման մասնագետների նկատմամբ։

Արմեն Եղիազարյանը նաեւ նշել է, որ գնահատողների որակավորման նպատակը բնագավառում բանիմաց, որակյալ մասնագետների ներգրավումն է, ինչը լիովին ապահովվում է որակավորման մեկանգամյա ստուգմամբ։

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ եւս երկու օրինագծից բաղկացած օրենսդրական փաթեթը հանձնաժողովականներին է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։

Նշվել է, որ օրենքների նախագծերի ընդունումը բխում է մեր երկրի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի համապատասխան հոդվածից։

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմինը վարելու է լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյան, ինչը բաղկացած է լինելու լիցենզավորվող մարմինների կողմից վարվող էլեկտրոնային գրանցամատյաններից։

Փոխնախարարը նաեւ նշել է, որ լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանի եւ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանի համակարգի ներդնումը խթան կհանդիսանա «Էլեկտրոնային Հայաստան» ստեղծելու ճանապարհին էլեկտրոնային կառավարման զարգացմանը, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, կապահովվի մատուցվող ծառայությունների բարձր որակն ու հասանելիությունը հանրության լայն զանգվածի համար։

Օրենսդրական փաթեթը քննարկման արդյունքում ստացել է դրական եզրակացություն՝ առաջիկա նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար։

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եակամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը եւ նշել, որ փաթեթի նպատակն է մեր երկրի ներդրումային միջավայրի բարելավումն ու տնտեսվարող սուբյեկտների ներդրումային ակտիվության բարձրացումն է։

Առաջարկվում է սահմանել, որ ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից բոլոր տեսակի մեքենաների, սարքավորումների(բացառությամբ կենցաղային նշանակություն ունեցող) եւ հումքային ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից։

Միաժամանակ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի եւ գործարար ծրագրերի շրջանակներում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, սահմանվում է մեկ տարի, ինչը ներդրողներին հնարավորություն կընձեռի էականորեն կրճատել իրենց կողմից կատարված ներդրումների հետ գնման ժամկետը՝ դրանով իսկ բարձրացնելով մեր երկրի ներդրումային գրավչությունը։

Համակողմանի քննարկման ընթացքում կարեւորվել է այն հանգամանքը, որ կառավարության որդեգրած քաղաքականությանը համապատասխան ամեն ինչ արվում է օրենսդրորեն բարելավելու յուրաքանչյուր ոլորտ, պայմաններ ստեղծելու  տնտեսության զարգացման եւ առաջընթացի համար։

Հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթին՝ նստաշրջանի եւ առաջին քառօրյայի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ նիստի ընթացքում քննարկված օրենքների նախագծերը բխում են ՀՀ կառավարության գործունեության ծրագրից։

Մեկնաբանություններ