2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին «խաղաղության հաստատման ջանքերի և միջազգային համագործակցության մեջ ունեցած ավանդի համար»։ Ինչպես հոկտեմբերի 11-ին հայտարարել է Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահ Բերիթ Ռայս-Անդերսենը, նա պարգևատրվել է «Էրիթրեայի հետ սահմանամերձ հակամարտության լուծման նախաձեռնության համար»։ Դափնեկիրների հայտարարման արարողությունը տեղի է ունեցել Օսլոյում:
«Երբ Ահմեդը վարչապետ է դարձել 2018 թվականի ապրիլին, նա հստակ հայտարարել է, որ կցանկանար, որ վերսկվեն խաղաղ բանակցություններն Էրիթրեայի հետ, սերտ համագործակցելով Էրիթրեայի նախագահի հետ: Նա արագ մշակել է խաղաղ համաձայնագրի սկզբունքները՝ վերջ դնելով փակուղային իրավիճակին երկու երկրների հարաբերություններում»,-ասվել է կոմիտեի հայտարարության մեջ:
Իշխանության գալով՝ Ահմեդը նաև կարևորել է կանանց դերը քաղաքականության մեջ: Նա կանանց է նշանակել իր երկրի կառավարության նախարարական 20 պաշտոններից կեսին, այդ թվում երկրի պատմության մեջ առաջին անգամ կին է նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում, հայտնել է The Guardian-ը:
1901 թվականից Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է 99 անգամ։ 19 անգամ կոմիտեն մրցանակին արժանի գործիչներ չի գտել, որոնք, ինչպես ասվում է Նոբելի կտակում, «մյուսներից ավելի շատ են արել ժողովուրդների միջեւ եղբայրության, բանակների վերացման կամ կրճատման եւ խաղաղ ֆորումների անցկացման համար»։