ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի շրջանակներում շարունակվում են ուսումնասիրվել այդ բնույթի հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերի առթիվ հարուցվող քրեական գործերով քննությունների արդյունքներն ու դրա վրա ազդող հանգամանքները:
Ընթացիկ ուսումնասիրությունները փաստում են, որ 2018 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներով նախապատրաստված 71 նյութերից 55-ով հարուցվել են քրեական գործեր։ Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2017 թվականի ողջ տարվա ընթացքում մարզի վարչական տարածքում նախապատրաստվել են 41 նյութեր, որոնցից միայն 18-ով է հարուցվել քրեական գործ: Այսինքն այս տարվա միայն ութ ամիսների ընթացքում հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քանակն աճել է 37-ով կամ 67 %-ով, ինչին զուգահեռ, ի դեպ, նվազել է մերժված նյութերի թիվը: Նախորդ տարվա մերժված 23 նյութերի դիմաց հաշվետու ժամանակահատվածում մերժվել են 14 նյութ։
Հաշվետու ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով մարզի դատախազության դատախազների հսկողության կամ դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 12-ը՝ 20 անձի վերաբերյալ (նախորդ տարի՝ 4 գործ՝ 7 անձի վերաբերյալ):
Այս տվյալները վկայում են, որ ընթացիկ տարում արձանագրվել է քրեական գործերի ոչ միայն քանակական, այլ նաև որակական աճ, ինչը ապահովվել է դատախազական ակտիվ և նախաձեռնողական հսկողության ներքո լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ մեղադրանքների ապացույցների լիարժեքությունն ապահովելու հարցում ցուցաբերված հետևողականության արդյունքում։
Ընդ որում, ընթացիկ տարում էականորեն աճել է նաև կոռուպցիոն բնույթի քրեական գործերով այն անձանց թիվը, ում նկատմամբ հարուցվել և իրականացվել է քրեական հետապնդում: Մասնավորապես` 2018 թվականի ութ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 73 անձանց նկատմամբ, այն դեպքում, երբ ողջ 2017 թվականի ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը կազմել է 20:
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ առերևույթ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել հետևյալ ոլորտները ներկայացնող անձանց կամ պաշտոնատար անձանց նկատմամբ.
Բնապահպանական գործունեության ոլորտում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող մասնաճյուղերի 8 անտառապետերի և անտառապահների,
կրթության ոլորտում՝ նախադրպոցական ուսումնական հաստատության 4 տնօրենի և հանրակրթական ուսումնական հաստատության 6 տնօրենի,
տեղական ինքնակառավարման ոլորտում՝ Լոռու մարզի Ձյունաշող, Միխայլովկա, Մեծավան, Ծաղկաշատ, Արևածագ, Շնող, Օձուն, Մեծ Այրում, Սվերդլով, Ղուրսալի, Մեծ Պարնի, Ջրաշեն, Վահագնի համայնքների ղեկավարների, ինչպես նաև Վահագնի համայնքի ղեկավարի տեղակալի,
սոցիալական աջակցության և սոցիալական ապահովության ոլորտում՝ սոցիալական գործակալության 1 պետի, գործակալության 7 մասնագետների, ինչպես նաև Հայփոստ ՓԲ ընկերության թվով 18 ծառայողների, զբաղվածության կենտրոնի 1 մասնագետի,
առողջապահության ոլորտում՝ 1 բուժաշխատակցի,
հուշարձանների պահպանության ոլորտում՝ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության պետի,
առևտրային կազմակերպության մասնաճյուղի 1 ղեկավարի և 2 աշխատակցի,
սնանկության գործերով 1 կառավարչի,
բանկային ոլորտում՝ ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղի 1 կառավարչի,
մարզպետարանի իրավաբանական բաժնի 1 պետի,
հարկային ոլորտում՝ 6 տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռնարկատերերի։
2018 թվականի ութ ամիսների ընթացքում ավարտված նյութերով և քրեական գործերովպատճառված վնասը կազմել է 752 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 98.5 մլն ՀՀ դրամը (20․8մլն ՀՀ դրամը՝ իրավաբանական անձանց, իսկ 77․6մլն դրամը՝ պետական գույքին պատճառված վնասը)։ Հարկ է ընդգծել, որ միայն մեկ քրեական գործով՝ խարդախությամբ հափշտակված գումարի չափը քննության ներկա փուլում կազմում է շուրջ 587 մլն ՀՀ դրամ, որից այս պահի դրությամբ վերականգնվել է 27.515.500 ՀՀ դրամը: Մնացած մասով վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալների գույքի վրա կալանք դնելու որոշում է կայացվել։