Նոյեմբերի 13-ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը՝ նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքիընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված անզեն ուղղաթիռի կապակցությամբ։
Այդ մասին տեղեկանում ենք ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից:
Հանձնաժողովի դիմումում նշվում է, որ ադրբեջանական կողմը հրետակոծության տակ է պահում ուղղաթիռի ընկնելու վայրը, թույլ չտալով հստակեցնել ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների՝ Սերգեյ Սահակյանի, Սարգիս Նազարյանի և ԱզատՍահակյանի ճակատագիրը։
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը խնդրել է ԿԽՄԿ օժանդակել ուղղաթիռի անձնակազմի գտնվելու վայրի ճշգրտման և նրանց վերադարձման հարցում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին՝ մոտավորապես ժամը 13։45-ին, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ պաշտպանության բանակի օդուժի Մի-24 ուղղաթիռը: Ըստ նախնական տեղեկության, զոհվել են անձնակազմի 3 անդամները։