Դիմումատուն՝ Իրինա Ռոդինան, ազգությամբ լատվիացի է, ծնվել է 1954 թվականին և բնակվում է Ռիգայում: Գործը վերաբերում է թերթի հոդվածի և հեռուստատեսային ծրագրի պատճառով անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի խախտումներին:
2005 թվականի հունվարին ռուսալեզու «Ժամ» (Час) թերթը «Ընտանեկան դրամա» վերնագրով մի հոդված է հրապարակել՝ նշելով, որ «բնակարանը ընտանիքի համար վեճի առարկա է դարձել»: Հոդվածում, ի թիվս այլ բաների, նշվել է, որ Իրինա Ռոդինան, ով մասնագիտությամբ բժիշկ է, իր մորը տեղափոխել է հոգեբուժարան, վաճառել է մոր բնակարանը, հրաժարվել է մորը խնամելուց և վերջինիս անգործունակ ճանաչելու գործընթաց է սկսել: Հոդվածում տեղադրված է եղել Ռոդինայի և նրա ընտանիքի լուսանկարը:
Ռոդինայի խոսքերով, նախքան հոդվածի հրապարակումը, լրագրողը զանգահարել և խնդրել է իրեն մեկնաբանություններ անել ընտանիքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Երբ Ռոդինան ցանկություն է հայտնել ծանոթանալ հոդվածին, լրագրողը հրաժարվել է։ Այդ ժամանակ Ռոդինան թերթի գլխավոր խմբագրին հայտնել է, որ կտրականապես դեմ է հոդվածի հրապարակմանը, քանի որ այն վերաբերում է իր անձնական կյանքին։ Ռոդինան նաև նշել է, որ լրագրողը մինչ այդ զրուցել է իր մոր և քրոջ հետ, ուստի՝ իրադարձությունները մեկնաբանվել են միայն 76 տարեկան վատառողջ կնոջ և իր հետ վատ հարաբերություններ ունեցող քրոջ տեսակետից։ Ռոդինան հավելել է, որ տեղեկացված չի եղել հոդվածի բովանդակության և լուսանկարի մասին։
2005 թվականի նոյեմբերին Ռոդինան հայց է ներկայացրել թերթի հրատարակչի և իր քրոջ դեմ: Նա պահանջել է հրատարակչությունից հրաժարվել կեղծ տեղեկատվությունից և գրավոր ներողություն խնդրել հոդվածի համար: Առաջին ատյանի դատարանը մերժել է Ռոդինայի հայցը քրոջ դեմ և մասամբ բավարարել է հայցը հրատարակչի դեմ։ Դատարանը նշել է, որ ուղեկցող լուսանկարով հոդվածի հրապարակումը, առանց Ռոդինայի համաձայնության, հանգեցրել է Ռոդինայի պատվի և արժանապատվության արատավորմանը, ուստի՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտմանը։
Պատասխանող կողմը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան, ինչի արդյունքում 2009 թվականին Ռիգայի շրջանի դատարանը չեղյալ է հայտարարել առաջին ատյանի որոշումը: Դատարանը եզրակացրել է, որ Ռոդինայի կողմից արված հաղորդումներն անհիմն են, վիճարկվող հայտարարությունները չեն կարող համարվել կեղծ, և նրա պատվին ու արժանապատվությանը վնաս չի հասցվել։ Բացի այդ, նկարի հրապարակումն անօրինական չի կատարվել, քանի որ այն տրամադրվել է Ռոդինայի մոր կողմից և հրապարակվել է վերջինիս համաձայնությամբ: Ռոդինան բողոքել է վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ, բայց գերագույն դատարանը հրաժարվել է վարույթ հարուցել:
2005 թվականի նոյեմբերին TV3 հեռուստաալիքը ցուցադրել է կարճ հաղորդում Ռոդինայի ընտանիքում տեղի ունեցած վեճի մասին, և Դիմումատուն երկրորդ անգամ է հայց ներկայացրել: 2008 թվականին Ռիգա քաղաքի Զեմգալեի շրջանի դատարանը մերժել է նրա հայցը։ Ռոդինան շարունակել է բողոքել, սակայն, ապարդյուն։
Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)՝ Դիմումատուն բողոքել է թերթում իր ընտանեկան պատմությունը հրապարակելու և դրա մասին հեռուստատեսությամբ հաղորդում հեռարձակելու մասին։ Դիմումատուն պնդել է, որ ներպետական դատարանները չեն կարողացել պաշտպանել իր իրավունքները քաղաքացիական գործով երկու դատավարությունների ժամանակ:
ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածի համաձայն․
1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։
Դիմումատուն պնդել է, որ աշխատել է որպես բժիշկ, և հանրահայտ մարդ չի հանդիսացել։ Նրա անձնական կյանքը չէր կարող հետաքրքրել հանրությանը, և թերթի հոդվածի հրապարակումից առաջ նրա մասին տեղեկություններ երբեք չեն հայտնվել լրատվամիջոցներում: Ինչ վերաբերում է հոդվածի և հաղորդման բովանդակությանը, Դիմումատուի խոսքերով, դրանք պարունակել են մասամբ կեղծ տեղեկություններ, իսկ լրագրողները տեղեկացված են եղել մոր հոգեկան առողջության խնդիրների մասին: Անդրադառնալով հետևանքներին՝ Դիմումատուն նշել է, որ թերթում հոդվածի հրապարակումից հետո տարբեր անձանցից և իր գործընկերներից ստացել է բացասական մեկնաբանություններ և արձագանքներ, ուստի, իր մասնագիտական հեղինակությանը նույնպես վնաս է պատճառվել:
Կառավարությունը նշել է, որ ներքին դատարանները հավուր պատշաճի կատարել են իրենց պարտականությունները։ Կառավարությունը համաձայնել է, որ լրագրողները պետք է հնարավորություն տան անձին մեկնաբանություններ անել։ Նրանք դիմել են Դիմումատուին, սակայն նա չի օգտվել այդ հնարավորությունից և չի մեկնաբանել իրավիճակը: Ինչ վերաբերում է թերթի հոդվածում հրապարակված լուսանկարին, ապա Դիմումատուի մայրն է այն տրամադրել և համաձայնել է դրա հրապարակմանը: Կառավարությունը հավելել է, որ հոդվածի հրապարակման նպատակն է եղել բարձրաձայնել սոցիալական խնդիրները։
ՄԻԵԴ-ը նշել է, որ լրատվամիջոցների հաղորդումները խիստ քննադատական են եղել Դիմումատուի նկատմամբ: Վիճահարույց հայտարարությունները տպավորություն են ստեղծել, որ նա գործել է ոչ բարոյական կերպով՝ վատ վերաբերելով մորը: Ըստ այդմ, դա լուրջ ներխուժում է Դիմումատուի անձնական կյանքին: Դատարանը նկատել է, որ միայն առաջին ատյանի դատարանն է քննել գործն ըստ էության՝ նշելով հոդվածի բացասական համատեքստը և դրա հետևանքը, բայց դատարանի որոշումը հետագայում չեղյալ է հայտարարվել: Դիմումատուն նախապես տեղեկացրել է, որ չի ցանկանում մեկնաբանել իրավիճակը և դեմ է եղել հոդվածի հրապարակմանը։ Բացի այդ, սոցիալական խնդիրների բարձրաձայնումն այս պարագայում կապված չի եղել Դիմումատուի ներքին ընտանեկան մանրամասների հրապարակման հետ։
Վերոհիշյալ նկատառումներից ելնելով, Դատարանը որոշել է, որ պատասխանող Պետությունը չի կատարել իր պարտավորությունները՝ Դիմումատուի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի պաշտպանության համար, իսկ ներքին դատարանները քաղաքացիական գործով երկու դատավարությունների ժամանակ չեն ապահովել արդարացի հավասարակշռություն Դիմումատուի Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի և լրագրողների՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված խոսքի ազատության միջև:
Այսպիսով, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ Դատարանը վճռել է, որ Լատվիան պետք է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համար վճարի 6․500 եվրո և 3․800 եվրո՝ դատական ծախսերի համար։