Իրավապաշտպանները դիմել են միջազգային կառույցներին` Կարեն Պետրոսյանի խոշտանգումների և մահվան առնչությամբ

Karen-PetrosyanՏավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հետագայում Ադրբեջանական զինվորական ծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու և նրա մահվան դեպքի կապակցությամբ 2014թ.-ի սեպտեմբրի 15-ին հայաստանյան իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը և Արթուր Սաքունցը դիմել են Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (Եվրոպայի խորհուրդ), Խոշտանգումների դեմ կոմիտե (ՄԱԿ), ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտե (ՄԱԿ): Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն:

Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները նշված միջազգային կազմակերպություններին խնդրել են ձեռնարկել իրենց կարգավիճակից բխող բոլոր հնարավոր միջոցները, որոնք կնպաստեն Կարեն Պետրոսյանի խոշտանգման, ակնհայտ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև վերջինիս մահվան հանգամանքների պատշաճ քննության իրականացմանը: Դիմումում բերվել են ինչպես այդ կազմակերպությունների, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունից բխող գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտ հիմնավորումները:

Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց դիմումում կոչ են անում միջազգային կազմակերպություններին դրսևորել հետևողականություն` գործի անաչառ և լիարժեք ուսումնասիրություն իրականացնելու հարցում:

Մեկնաբանություններ