Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում գործ է նախաձեռնել Միացյալ Նահանգների դեմ՝ 1955 թվականին երկու կողմերի միջև կնքված «Բարեկամության, Տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» (այսուհետ՝ «1955 թվականի Պայմանագիր») խախտելու առնչությամբ։
Դիմումատուն պարզաբանում է, որ ԱՄՆ-ն՝ երկար տարիներ մատնանշելով Իրանին՝ որպես ահաբեկչությունը հովանավորող Պետություն (ինչը բազմիցս ամբողջովին հերքվել է Իրանի կողմից), ընդունել է մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական ակտեր, որոնք գործնական ազդեցություն են ունեցել Իրանի և իրանական կազմակերպությունների վրա, ներառյալ՝ Իրանի Կենտրոնական Բանկի (որը հայտնի է նաև որպես «Բանկ Մարկազի») իրավունքների և ակտիվների վրա։ Միացյալ Նահանգներում հարկադիր վարույթներ են կատարվել այդ կազմակերպություւնների նկատմամբ նույնիսկ այն դեպքերում, երբ այդ ակտիվները կամ իրավունքները պատկանել են այլ իրավաբանական անձանց, որոնք առնչություն չեն ունեցել պարտավորություն սահմանող դատական ակտի հետ, և այդ գործընթացների նկատմամբ Պայմանագրի ուժով ունեցել են իմունիտետ։
Այնուհետև, Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացված գործողությունների հետևանքով Իրանի և իրանական կազմակերպությունների նկատմամբ ներկայացվել են կամ նոր են ներկայացվելու մեծաքանակ հայցապահանջներ, իսկ Միացյալ Նահանգների դատարանները շարունակաբար մերժում են ներքին օրենսդրության և 1955 թվականի Պայմանագրով սահմանվորղ իմունիտետի և արտոնությունների վրա Իրանի Կենտրոնական Բանկի հղումները։
Իրանը պնդում է, որ Իրանի ֆինանսական ինստիտուտների և իրանական այլ ընկերությունների ակտիվներն արդեն իսկ բռնագրավվել են կամ գտնվում են բռնագրավման և փոխանցման գործընթացում կամ այդպիսի գործընթացներում գտնվելու ռիսկի փուլում են։ Իրանը նաև պարզաբանում է, որ իր կողմից դիմում ներկայացնելու ամսաթվի դրությամբ՝ Միացյալ Նահանգների դատարանները Իրանի դեմ ավելի քան 56 մլրդ․ ԱՄՆ դոլար գումարի չափով վնասի փոխհատուցման պահանջ են ներկայացրել, որոնք պատճառաբանվել են հիմնականում ԱՄՆ-ի տարածքից դուրս իրականացված տարբեր ահաբեկչական գործողություններում Իրանի ենթադրյալ ներգրավվածությամբ:
Հայցվորը պնդում է, որ վերոհիշյալ նորմատիվ ակտերը և որոշումները խախտում են 1955 թվականի Պայմանագրի մի շարք դրույթներ։
Այսպիսով, Իրանը Դատարանից խնդրում է վճռել, որ՝
ա) Դատարանն իրավասություն ունի 1955 թվականի Բարեկամության պայմանագրի առնչությամբ առաջացող վեճերի և դրա հիման Իրանի կողմից ներկայացված հայցը քննելու նկատմամբ,
բ) ԱՄՆ-ն մի շարք գործողություններով և մասնավորապես ներքոնշյալներով խախտել է միջազգային իրավունքը՝՝
- ԱՄՆ-ն թերացել է ճանաչել Իրանի բոլոր կազմակերպությունների, այդ թվում՝ Իրանի Կենտրոնական բանկի դատական կարգավիճակը (այդ թվում` առանձին իրավասուբյեկտությունը),
- ԱՄՆ-ն անարդար և խտրական վերաբերմունք է ցուցաբերել այդ կազմավորումների և նրանց պատկանող գույքի նկատմամբ, ինչը սահմանափակում է այդ կազմակերպությունների իրավունքները և շահերը, ինչպես նաև խախտում է նրանց պայմանագրային իրավունքները,
- այդ կազմակերպություններին և դրանց պատկանող գույքին չի տրամադրել այն կայուն պաշտպանությունը և անվտանգությունը, որը չի կարող ավելի նվազ լինել, քան պահանջվում է միջազգային իրավունքով,
- իրականացրել է այդ կազմակերպությունների գույքի սեփականազրկումը,
- չի ապահովել այդ կազմակերպությունների՝ ԱՄՆ դատարանների մատչելիության և ԱՄՆ դատական ատյաններին դիմելու ազատ իրավունքը, վերացրել է 1955 թվականի Բարեկամության պայմանագրով և միջազգային սովորութային իրավունքի ուժով նախատեսված Իրանի և Իրանի պետական կազմակերպությունների, այդ թվում՝ Կենտրոնական բանկի և դրանց պատկանող գույքի իմունիտետը/արտոնությունները,
- ոտնահարել է այդ կազմակերպությունների գույքի ձեռք բերման և օտարման իրավունքները, և
- կիրառել է այդ կազմակերպությունների վճարումներ կատարելու, դեպի ԱՄՆ կամ ԱՄՆ-ից դուրս դրամական միջոցներ փոխանցելու իրավունքի սահմանափակումը,
- միջամտելով առևտրի ազատությանը՝ ԱՄՆ-ն խախտել է 1955 թվականի Պայմանագրով Իրանի նկատմամբ իր ստանձնած պարտականությունները․ մասնավորապես՝ հետևյալ դրույթերը՝ հոդվածներ III (1), III (2), IV (1), IV (2), V (1), VII (1) և X (1)․
գ) ԱՄՆ-ն պետք է երաշխավորի, որ սույն գործի առնչությամբ գործադիր, օրենսդիր և դատական ակտերի հիման վրա իր կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվելու այն չափով, որ չափով սահմանված է Դատարանի կողմից և հակասում է 1955 թվականի Պայմանագրով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ստանձնած պարտավորություններին․
դ) հաստատել, որ Իրանի և Իրանի պետական կազմակերպություններն ԱՄՆ-ի դատարանների իրավասությունից և կատարողական վարույթներից օժտված են իմունիտետով, և որ այդ իմունիտետը պետք է հարգվի ԱՄՆ-ի և ԱՄՆ դատարանների կողմից այն չափով, որը սահմանված է միջազգային սովորութային իրավունքի ուժով և նախատեսվում է 1955 թվականի Պայմանագրով․
ե) ԱՄՆ-ն (այդ թվում՝ ԱՄՆ դատարանները) պարտավոր են հարգել Իրանի բլոր կազմակերպությունների, Իրանի պետական կազմակերպությունների, այդ թվում՝ Իրանի Կենտրոնական բանկի դատական կարգավիճակը և ապահովել նրանց նկատմամբ ԱՄՆ դատարանների մատչելիության իրավունքը, ինչպես նաև՝ երաշխավորել, որ գործադիր, օրենսդիր և դատական ակտերի հիման վրա ԱՄՆ-ի կողմից չի իրականացվելու որևէ այլ գործողություն, որը ներառում է կամ կյանքի է կոչում է այդ ակտերի ճանաչումը կամ կիրառումը, որոնք ուղղված կարող են լինել Իրանի կամ իրանական կազմակերպությունների ու քաղաքացիների ակտիվների և շահերի դեմ․
զ) ԱՄՆ-ն պարտավոր է միջազգային իրավական պարտավորությունները խախտելու համար ամբողջական փոխհատուցում հատկացնել Իրանին Դատարանի կողմից վարույթի համապատասխան փուլում որոշվող գումարի չափով։ Իրանն իրեն իրավունք է վերապահում պատշաճ կարգով Դատարանին ներկայացնել ԱՄՆ-ի կողմից Իրանին վճարման ենթակա փոխհատուցման գումարի հստակ գնահատումը․
է) Իրանը հայցում է իրավական պաշտպանության ցանկացած միջոցի տրամադրում, որը Դատարանը համարում է պատշաճ և թույլատրելի։
Այսպիսով, Հայցվորը բողոք է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ հիմք ընդունելով 1955 թվականին Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված պայմանագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետը, որի դրույթների համաձայն՝ երկու պետությունները հանդիսանում են Պայմանագրի կողմեր։ Վերոգրյալ հոդվածը սահմանում է, որ «Բարձր Պայմանավորվող Կողմերի միջև սույն Պայմանագրի պարզաբանության կամ կիրառման վերաբերյալ առաջացած յուրաքանչյուր վեճ, որը չի կարող բավարար կերպով կարգավորվել դիվանագիտությամբ, պետք է ներկայացվի Արդարադատության միջազգային դատարան, եթե Բարձր Պայմանավորվող Կողմերը չեն կարող համաձայնության գալ՝ իրենց միջև առկա տարաձայնությունների կարգավորման այլ խաղաղ միջոցների շուրջ»։