Իրազեկում. Ի՞նչ պատիժ է նախատեսվում դեղատներում ոչ դեղագիտական խորհրդատվության տրամադրման դեպքում

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է դեղերի շրջանառության ոլորտի պահանջները խախտելու վերաբերյալ տուգանքներ և պատիժներ՝ Հոդված 47.3:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը, արտադրելը, պահպանելը, բաշխելը, իրացնելը կամ կիրառելը պատժվում է տուգանքով՝  դեղերի  մինչև 10 փաթեթի դեպքում նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով: 10-ից մինչև 30 փաթեթի դեպքում նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի: 30 և ավելի փաթեթի համար  նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը օրենքի խախտմամբ արտադրելը, ներմուծելը, իրացնելը,պահպանելը, բաշխելը պատժվում է տուգանքով՝ յուրաքանչյուր անվանմամբ արտադրանքի համար նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։

Դեղատներից իրացման կամ բաց թողնման ենթակա հիմնական դեղերի ցանկին համապատասխան նվազագույն տեսականի չապահովելը օրենքով միայն նախազգուշացում է կիրառվում:

Դեղատներում ոչ դեղագիտական խորհրդատվության տրամադրման դեպքում պատժվում է աշխատանքները կատարողը՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ գործատուի նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

Դեղատների առևտրի սրահներում, սպասասրահներում պիտանիության ժամկետն անցած դեղեր պահելու դեպքում, օրենքով նախատեսված է տուգանք՝  նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, դեղատներում կաթիլաներարկման լուծույթներ պատրաստելը տուգանվում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով։

Դեղատոմսով բաց թողնվող դեղերի առանց դեղատոմսի իրացումը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Եթե դեղատոմսով բաց թողնվող դեղերի դեղատոմսերի լրացումը, դուրս գրումը և իրացումը կատարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևաթղթերի վրա, ապա պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Օրենքով նախատեսված կարգով հաստատված դեղագրությունների պահանջները խախտելը կամ պատրաստված դեղերի որակի, ձևավորման, փաթեթավորման, պիտակավորման, պահպանման, իրացման պահանջները խախտելը կամ դեղատանը պատրաստված դեղերը առանց պիտանիության ժամկետի նշման բաց թողնելը պատժվում է նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից գրանցված դեղերի վնասակար կողմնակի ազդեցության վերաբերյալ արձանագրված դեպքերի մասին չհայտնելը կամ դրանց վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը առանց նախապես կամ միաժամանակ առողջապահության բնագավառի լիազոր պետական կառավարման մարմնին հայտնելու տուգանվում է նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Եթե դեղի մակնշման մեջ, ընդհանուր բնութագրում և ներդիր-թերթիկում Հայաստանի Հանրապետությունում դեղի մատակարարի անվանումը կամ ապրանքային նշանը ներառվել է, ապա պատժվում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

ՀՀ Վարչական իրավախախտումների մասնի օրենսգրքը սահմանում է, որ եթե դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի փաթեթավորման նորմերը, պիտակավորման և  մակնշման ներկայացվող պահանջները խախտելու պարագայում նախատեսվում է տուգանք՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի կամ արտադրանքի համարնվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։

Օրենքով նախատեսված կարգի խախտմամբ առանց հայերեն ներդիր-թերթիկի դեղերի իրացումը պատժվում է տուգանքով՝  յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

 

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պիտանիության ժամկետն անցած դեղեր կիրառելը պատժվում է  նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Օրենքով նախատեսված դեպքերում կամ օրենքով նախատեսված կարգով դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառությունը չդադարեցնելը կամ շրջանառությունից չհանելը (հետկանչ չիրականացնելը) պատժվում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր անվանմամբ դեղի կամ արտադրանքի համար նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:

Դեղատոմսով բաց թողնվող դեղի` դեղատանը առկա նույն ակտիվ բաղադրատարրը պարունակող նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով:

Դեղերի գները կարգավորող որոշումները չկատարելու դեպքում նապատեսվում է պատիժ, տուգանքի տեսքով՝ նվազագույն աշխատավարձի իննհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Դեղերի արտադրության կամ մեծածախ իրացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով նախատեսված հաշվետվություն չներկայացնելը պատժվում է աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով տուգանքով:

 

 

Մեկնաբանություններ