Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ցուցմունք տվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կապիտան Արտյոմ Ավետիսյանը:
Նկարագրելով ամբաստանյալներին` վերջինս հայտնեց, որ ավելի դրական կգնահատի Վաչե Սահակյանին, քանի որ նա կազմակերպչական առումով շատ է օգնել սպաներին և լավ է սովորել, իսկ Գնել Թևոսյանն ու Մովսես Ազարյանը սովորելու առումով եղել են ավելի թույլ:
«Իսկ ընդհանուր առումով բոլորին էլ լավ աչքով ենք նայել»,- ասաց նա:
Վկա Արտյոմ Ավետիսյանը դատարանին հայտնեց, որ դեպքի գիշերը ինքն արթուն է եղել և ժամը 1-ի կողմերը տեսել է Հայկազ Բարսեղյանին՝ զուգարանից վերադառնալիս:
«Հարցրի, թե ինչի՞ ես գնացել զուգարան, նա էլ ժպտալով ասաց՝ «Պարոն կապիտան խի՞ պետքա գնամ զուգարան»»,- իր խոսքում նշեց Ավետիսյանը: Նկարագրելով Հայկազին Արտյոմ Ավետիսյանն ասաց, որ նա շատ լավ սովորող էր, ֆիզիկապես ուժեղ էր և հանգիստ տղա էր: Ավետիսյանի խոսքերով դեպքի նախորդ օրը Հայկազի տրամադրությունը շատ բարձր է եղել, քանի որ մասնակցել են համերգի. «Համերգի ժամանակ էլ, դրանից հետո էլ»:
Վկան նաև հայտնեց, որ դեպքի գիշերը ինքը 2-ի կողմերը գնացել է այն ննջասենյակը, որտեղ քնել է Հայկազը՝ ստուգելու համար. «Ես Հայկազի տեղերը տեսել եմ՝ պառկած մարդ կար, մինչև նրա մահճակալի ոտքի մոտ քայլել եմ: Հնրավոր է սարքած լիներ կամ ուրիշ մարդ պառկած լիներ, ես 100 տոկոսով չեմ կարող ասել, որ ինքն է եղել », – ասաց վկան՝ նշելով, որ դեմքը չի տեսել, քանի որ վերմակով ծածկված է եղել:
Անդրադառնալով Հայկազ Բասրսեղյանի սպանությանը, վկան հայտնեց, որ այդ օրը՝ առավոտյան, իրեն զեկուցել են Հայկազի անհետանալու վերաբերյալ և ինքը գնացել է Հայկազի ննջարան, տեսել է, որ նա այնտեղ չէ, որից հետո միջոցներ է ձեռնարկել Հայկազին որոնելու ուղղությամբ:
«Անկողինը կիսաբաց էր, իսկ մատրասը լրիվ արյունոտ: Այդքանը տեսել եմ և թույլ չեմ տվել, որ ինչ-որ մեկը ձեռք տա: Բոլոր կուրսանտներին հանել եմ դուրս: Նույնիսկ մահճակալի տակն եմ նայել՝ մտածելով, որ կարող է տակը լինի: Մտքովս այդ պահին միայն անցնում էր, որ ինքնավնասում է կատարել»,- աաց նա:
Վկան պատմեց, որ այդ պահին ննջարանում եղել են նաև այլ կուրսանտներ, որոնցից ամբաստանյալ Մովսես Ազարյանը ինչ-որ տեղից գտել է սուր առարկա՝ ածելու կամ սրիչի սուր մասը և նրան ասել է՝«հեսա սենց բան կա, երևի սրանովա արել», իսկ ինքը պահանջել է ձեռք չտալ և գցել գետնին: Նշենք, որ ամբաստանյալներից Վաչե Սահակյանը դատարանին հայտնեց, որ այդ ածելու կտորը ինքն է գտել, ոչ թե Մովսես Ազարյանը:
Այնուհետև վկայի խոսքերով Հայկազին գտնել են մարզահրապարակում և ինքը գնալով այնտեղ տեսել է Հայկազին կախված վիճակում: Վկան դատարանին նաև հայտնեց, որ փորձել է պարզել, թե ինչ է տեղի ունեցել, հարցրել է կուրսանտներին, օրապահներին, սակայն ոչ մեկը ոչինչ չի իմացել:
«Մայն ասում էին, որ Հայկազն իրեն տարօրինակ էր պահում, ասել է, որ հանրավոր է ինքը դուրս գա ինստիտուտից, նույնիսկ ասել է, թե հեռանալուց հետո իր շորերը ում տա: Հետո շատ վատ ինձ զգացի, որ իմացա նման բան չի եղել և ինձ խաբել են»,- ասաց վկան:
Արտյոմ Ավետիսյանը հայնտեց, որ դեպքի 2-րդ օրն է միայն ոստիկանությունից իմացել, որ սպանություն է տեղի ունեցել:
«Միայն կարող եմ ասել, որ էդքան արյուն կորցրած մարդը, եթե հասնել էր պտտաձողի մոտ՝ դժվար էլ կարողանար կախվեր»,- իր խոսքում նշեց Ավետիսյանը:
Ընդմիջման ընթացքում խոսեցինք նաև տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանի հետ՝ Հայկազ Բարսեղյանի ինստիտուտից դուրս գալու վերաբերյալ տեղեկություն ստանալու համար, վերջինս մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ այդ մտադրությունը Հայկազն ունեցել է կատարվածից շուտ՝ օգոստոսի 27-ին:
«Հայկազը ցանկացել է գնալ Վորոնեժ՝ ռազմական գծով սովորելու համար, սակայն չի ստացվել, քանի որ իրեն կտրել են քննությունից»,- ասաց նա:
Պարոն Բասեղյանը նաև հայտնեց, որ Հայկազի մոտ տրամադրության անկում չի եղել, իսկ շորերը կուրսանտներին տալու մտադրություն չի ունեցել և նման դեպք ևս տեղի չի ունեցել:
«Մենք Աստծուն հավատում ենք և իմ երեխան փոքրուց իմացել է, որ ինքնասպանությունը մեղք է, և նա երբեք այդ քայլին չէր գնա: Իրենց նպատակը նա է, որ տանեն ինքնասպանության»,- իր խոսքում ասաց պարոն Բարսեղյանը:
Ընդմիջումից հետո ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը: Վերջինս նշեց, որ վկայի ցուցմունքի ժամանակ ի հայտ են եկել բազմաթիվ նոր հանգամանքներ և պաշտպանական կողմին հարկավոր է ժամանակ հարցեր նախապտրաստելու համար, որին առարկեց մեղադրող կողմը:
Դատավորը որոշեց մերժել ներկայացված միջնորդությունը և հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքերը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: