«Ընտրություններն ամբողջ աշխարհում տեղի են ունենում քաղաքական գաղափարախոսության և ստրատեգիաների շուրջ, այլ ոչ թե անձանց»․ Արթուր Վաղարշյան

 Legalinfo.am-ը զրուցել է  Իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի հետ։

-Խորհրդարանական համակարգին անցնելով՝ միանձնյա իշխանություը վերացնելու փորձը, փաստորեն, անհաջող եղավ։ Արդյոք նոր Սահմանադրությո՞ւնը  հանգեցրեց քաղաքական փակուղու։ Կամ  իրականում կա՞ր անելանելիությունը։

-Ինչպես գիտենք, մեր քաղաքական գրականության մեջ մեր նախկին կառավարման համակարգը բնութագրում են որպես միանձնյա իշխանություն։ Ըստ էության, Սահմանադրությունը այդպիսի պոտենցիալ ուներ՝ մինչև 2018 թ-ը, այն տեսանկյունից, որ նախագահը վերածվում էր միանձնյա կառավարողի։ Ես, ի տարբերություն շատ մասնագետների, անցումը խորհրդարանական համակարգին դրական եմ գնահատում, որովհետև միապետական կառավարման ձևի կանխման միակ ելքը՝ պառլամենտականին անցնելն էր։ Եվ ըստ էության, մեր 30 տարվա փորձը ցույց տվեց, որ մեր քաղաքական համակարգի թերություններից մեկը՝ դեռևս մեր կուսակցությունների չկայացվածությունն է,  քաղաքական դաշտում որոշ էլեմենտների բացակայությունը։ Հետևաբար՝ խորհրդարանական համակարգի կիրառումը մեկ-երկու ամսվա փորձ ունի, և մենք չենք կարող այդ կարճատև փորձի հիման վրա ինչ-որ եզրակացություններ անել՝ թե՝ անհաջող եղավ։  Անհրաժեշտ է երկար ժամանակաշրջան, որի արդյունքներից կարող ենք ասել՝ հաջող էր, կամ անհաջող էր։ Ես կանխատեսում եմ, որ այն հաջող կլինի։ Ինչո՞ւ, որովհետև կկայացնի քաղաքական համակարգի կուսակցական բաղադրատարը, այսինքն՝ քաղաքական ուժերի կազմակերպական ձևերը, տեղի կունենա բյուրեղացում։ Եվ ուրեմն խորհրդարանական համակարգը կարդարացնի իրեն, որովհետև   խորհրդարանական համակարգն ապահովում է քաղաքական դիրքորոշումների բազմազանություն, բազմաձայնություն, իսկ դա երաշխիք է և օրինականության, և քաղաքական, սոցիալ-տնտեսական օպտիմալ զարգացման։

Այս արտակարգ իրավիճակը՝ կառավարության փոփոխության, որ մեզ մոտ ստեղծվել է, ըստ էության, արտառոց իրավիճակ է։ Բայց այս մեկ փաստը չի կարող հաստատել, որ կառավարման համակարգի փոփոխությունը չարդարացրեց իրեն։

Եվ ես գտնում եմ, որ ընդհակառակը, Սահմանադրությունը չհանգեցրեց քաղաքական փակուղու։ Ընդհակառակը, եթե հանկարծ նույն իրավիճակում լիներ կիսանախագահական ձևը, համոզված եղեք՝ ընտրված նախագահը հրաժարական չէր տա։ Եվ այստեղ անհասկանալի էին  լինելու ճգնաժամից դուրս գալու ուղիները, որովհետև վարչապետն ավելի հանգիս կարող է հրաժարական տալ, քան բավականին բարդ գործընթացների արդյունքում ընտրված հանրապետության նախագահը։ Հետևաբար՝ Սահմանադրությունը քաղաքական փակուղու չի հանգեցրել։ Սահմանադրությունը, իհարկե, ունի լուծումներ, որոնք հիմա՝ կառավարության փոփոխությունից հետո, փակուղային իրավիճակներ են ստեղծել, որոնցից դուրս գալու լուծումներ չկան։ Այստեղ խնդիրը հանգում է Սահմանադրության մեջ տրված լուծումներին, որոնք կարելի է շտկել։ Բայց կառավարման ձևի առումով, ես գնահատում եմ դրական, որովհետև այն կբարձրացնի քաղաքական ուժերի պատասխանատվությունը, ժողովրդի հետ քաղաքական աշխատանք տանելու, հաշվետու լինելու սկզբունքների կիրառման կբերի, իսկ դա դրական   դեր կխաղա պետական համակարգի արդյունավետացմնա համար։

-Խորհրդարանական ձևին անցումը և գործնակնում այդպիսն դառնաու հակասություն կա՞։ Օրինակ՝ վարչապետի ենթակայությամբ ուժային կառույցներ ունենալը։

-Գրեթե բոլոր պառլամենտական հանրապետություններում վարչապետները ունենում են պառլամենտը ցրելու իրավունք, եթե քաղաքական ճգնաժամ է առաջանում։ Բայց մեր Սահմանադրություն մեջ նախատեսված չէ նման բան։ Այս տեսանկյունից, իսկապես, Սահմանադրությունը փակուղի է առաջացրել։ Ըստ էության, այս ձևը թերի ինստիտուտներ ունի։ Դրանցից մեկն էլ հենց դա է։ Ես գտնում եմ, որ պառլամենտի առջև ուժային կառույցները պետք է լինեն պատասխանատու, և ոչ մի ուժային կառույց չպիտի շրջանցի օրենսդիրին։ Եվ սա կարելի է շտկել շատ հանգիստ, այս կառույցները վերադարձնել նորմալ կազմակերպական կառուցվածքի, որը բնորոշ է ժողովրդավար երկրներում՝ դրանք դարձնելով սովորական կառավարության անդամի կարգավիճակով նախարարությունների, որոնք հաշվետու կլինեն պառլամենտի առաջ։ Սա, իհարկե, անկատարություն է և լուծման կարիք ունի։

Ուժային կառույցների խնդիրն այս տեսանկյունից կարելի էր քննարկել․ Սահմանադրական բարեփոխումների գործընթացին որոշ ինստիտուտների վերաբերյալ հայեցակարգային որոշ առաջարկություններ եմ արել։ Եվ այդ առաջարկություններից մեկն էլ այն էր, որ համակարգն այնպես կառուցվի, որ ցանկացած քաղաքական, տնտեսական կամ այլ ճգնաժամի դեպքու, մեր անվտանգության և պաշտպանության համակարգը երբեք չտուժի։ Սա պետք է Սահմանադրական լուծում ստանա, որովհետև, ըստ էության, խորհրդարանական համակարգը ենթադրում է պարբերական ճգնաժամեր։ Եթե երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը ավտոնոմ լինեն, և կախված չլինեն քաղաքական ճգնաժամից կամ այնպիսի ֆիգուրներից, որոնք կարող են իրեն հրաժարականով իշխանության վակում առաջացնել, այդ դեպքում մենք ոչ մի ճգնաժամից չենք վախենա։ Եթե քաղաքական համաձայնության միջոցով չկարողական խնդիրը լուծվել, ապա նոր ընտրություն է կազմակերպվում և լուծումը տալիս է ժողովուրդը։ Քաղաքական ճգնաժամն առաջանում է դիրքորոշումների բախման հետևանքով, և եթե պառլամենտական ուժերը չեն կարողանում իրենց համաձայնության, կոնսենսուսի միջոցով որոշում ընդունել, այս դեպքում «դատը» հանձնում են ժողովրդին և ժողովուրդն այդ տեսանկյունից է ընտրում իր ներկայացուցիչներին։ Մենք, չգիտեմ՝ ինչո՞ւ, գտնում ենք, որ ժողովուրդն ունակ չէ, բայց համոզված  եմ, ժողովուրդի հետ աշխատանք տանելու, նրա քաղաքական գիտակցության մակարդակը բարձրացնելու դեպքում՝ ունակ է գնահատելու և պատշաճ ընտրություն կատարելու։

-Ի՞նչ լուծումներ ունի Սահմանադրությունը տարբեր սցենարների զարգացման պարագայում։ Օրինակ, եթե ժամանակվոր կառավարության ծրագիրն ընդունվի, արտահերթ ընտրությունները որքա՞ն կհետաձգվեն և ի՞նչ հանգամանքներ կլինեն դրանց կայանալու համար։

-Ստացվեց, որ Սահմանադրությունը լուծումներ չունի։ Սրանք սահմանադրական պարադոքսներ են, եթե հանկարծ ժամանակավոր կառավարության ծրագիրն ընդունվեց և որոշեց, որ հրաժարական չի լինում, որ հետո ընտրություններ չկազմակերպեն և այլն։ Վարչապետն ընտրված է և լեգիտիմության խնդիր չունի, բայց չունի քաղաքական հենարանի խնդիր, և դա դարձնում է խոցելի, որովհետև քաղաքական մեծամասնությունը, որը հիմա իրեն ընդդիմություն է հռչակել ցանկացած պահի և ցանկացած որոշում կարող է տապալել։ Այս հանգամանքները նորմալ չեն, և երկիրն այդպիսի փորձության ենթարկել չի կարելի։ Եվ սա, իհարկե, շատ հարուստ փորձ էր, այն տեսանկյունից, որ Սահմանադրությունը անպայման պետք է կատարելագործել։

Կանխագուշակել, թե երբ կկայանան արտահերթ ընտրություններ, չեմ ցանկանում, որովհետև հնարավոր են այնպիսի պատահականություններ, անսպասելի հանգամանքները, զարգացումները ինչ-որ պահի առաջանան, որ լիովին կփոխվի քաղաքական, սահմանադրական իրավիճակը, հանգամանքը, և այստեղ լուծումները կարող են փոխվել։ Բայց կառավարությունը խոստացել է, որ առաջնահերթ խնդիրն է ընտրական օրենսգրքի կատարելագործումն ու արտահերթ ընտրության կազմակերպումը։ Կարծում եմ, որ իր խոստումը կկատարի։ Բայց դա բավականին բարդ գործընթաց է։

 -Ընտրական համամասկական կարգը փոփոխության կարիք ունի՞։  Կարծում  եք՝ այն կփոխվի՞։

 -Պատշաճ ընտրություններ, հարաբերականորեն,  եղել են 1990, 1995 թթ․-ին, երբ կար ռոմանտիզմը, որը կա նաև այսօրվա երիտասարդության մոտ, առաջնորդ-նախագահի ինստիտուտն էր, որ ազգին «կտանի առաջ»։ Նույնը՝ նաև պատգամավորների դեպքում։ Այն ժամանակ հիմնականում թեկնածուները մտավորական զանգվածի ներկայացուցիչներն էին, և  կար քաղաքական ընտրություն։ Բայց պատմությունը ցույց տվեց, որ հետընթաց եղավ։ Եթե ընտրական գործընթացներում այն ժամանակ մտավորականներն էին և մաքուր քաղաքական գործիչները, հետո հայտնվեցին գործարարները և այլն։ Եվ հասանք նրան, որ ունեցանք պետական իշխանության և օլիգարխների սերտաճում։ Դրա հիմքը, ըստ էության, ընտրություններն են և հատկապես մեծամասնական կարգով ընտրությունները։ Ընտրական տարածքներն ընդարձակվեցին, ընտրագրավերի չափերը մեծացրեցին։ Ստացվեց, որ մտավորականությունը դուրս մնաց ընտրական գործընթացներից։ Ստացվեց, օբյեկտիվորեն նախադրյալներ ստեղծվեցին ֆինանսապես ապահովվածների կամ, այսպես ասած, օլիգարխների ընտրական պրոցեսներին մասնակցելու։ Նաև ունեցել ենք այն պրակտիկան, որ մեծամասնականով ընտրվածը փոխել է խմբակցությունը, կամ դարձել  է կուսակցական։

Ընտրություններն ամբողջ աշխարհում տեղի են ունենում քաղաքական գաղափարախոսության և դրանով պայմանավորված ստրատեգիաների շուրջ, այլ ոչ թե անձանց։

Մեր երրորդ հանրապետության կուտակած փորձը ևս բերում է նրան, որ համամասնական ընտրական կարգն է ճիշտ, բայց, իհարկե, ոչ այն ձևով, որ հիմա կա, այլ մաքուր համամասնական ցուցակներով ընտրության։ Հիմա այդ համամասնական ցուցակները անձնավորված են։

-Առհասարակ, ընտրական՝ մեծամասնական կամ համամասնական կարգը, քաղաքական էլիտայի ձևավորման համար որոշի՞չ հանգամանք է։   

-Կա պետության էության էլիտայի տեսություն։ Եթե այս տեսանկյունից ենք խոսում, ըստ էության, ժողովրդի զարգացումը պայմանավորված է էլիտայով։ Եթե դու ունես ազգային «ընտրյալների» մտավոր էլիտա, որոնք կարող են ունենալ տարբեր գաղափարախոսություններ, պետության զարգացումը նորմալ հունով կընթանա։ Բայց, եթե քո էլիտան օլիգարխիկ է, օրինակ, նորմալ պետություն չես ունենա։ Հիմա այս համամասնական ընտրական կարգը կնպաստի այդ էլիտայի ձևավորմանը։ Մեր խնդիրը նրանում է, որ փոքրաթվությանը պատճառով ժողովրդավարության շատ ինստիտուտներ այստեղ չեն աշխատում։ Պետականության համար որպես հիմք հանդիսացող, հենասյուն հանդիսացող բնակչությունը չունի այն կրիտիկական զանգվածը՝  քանակական առումով, որից կարող էր լինեն իսկական ժողովրդավար պետություն։

 

Մեկնաբանություններ