«Ընտրական օրենսդրության բարեփոխումները կնպաստեն Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացմանը». վարչապետ

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը՝ ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգի, բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավման, քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու, ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշումների բացառման գործուն մեխանիզմների ներդրման, բազմակի քվեարկության դեմ երաշխիքների ավելացման և քվեարկության գործընթացների մատչելիության ապահովման, ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դերակատարների պատշաճ գործունեության երաշխավորման, ընտրական վեճերի գործընթացների հստակեցման և արդյունավետության երաշխավորման միջոցով: Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անդրադառնում են մի շարք հիմնարար խնդիրների՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում ու ժամկետների ընդլայնում, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմի իջեցում, ընտրագրավի գումարի իջեցում ու նվազագույնը 4 կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրության երաշխիքների ապահովում, կանանց ներկայացվածության քվոտայի բարելավում, «Բոնուսային համակարգի» վերացում: Լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսված, մասնավորապես, ընտրողների ցուցակների կազմման և վարման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով, որը ենթադրում է սահմանափակել վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթով քվեարկելու իրավունքը՝ ապահովելով վավեր անձնագրերով Հայաստանում գտնվող բոլոր ընտրողների համար և ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին: Նախատեսվել է մեխանիզմ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար, հետագայում այս հարցին անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների համատեքստում:

Ընտրողների իրազեկվածության բարձրացման նպատակով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաև անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճերը: Ապահովվել է նաև ԶԼՄ-ներով ոչ միայն քարոզարշավի, այլև ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների ու դրանց ծրագրերի առավել հավասար լուսաբանման կարգավորումը՝ հարգելով խոսքի ազատությունն ու բազմակարծության իրավունքը, ինչպես նաև զորամասերում քարոզչության հավասար պայմաններ՝ ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով՝ առանց անցագրային ու գաղտնիության ռեժիմի փոփոխման: Մասնավորապես՝ նախատեսվում է սահմանել մեխանիզմներ զինծառայողներին նախընտրական քարոզչությանը հեռուստատեսությամբ հետևելու համար:

Ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացման համար նախատեսվում է, մասնավորապես, կրճատել ՀԿ-ների հավատարմագրելու վերջնաժամկետը՝ սահմանելով հավատարմագրման իրականացման համար ողջամիտ ժամկետ և նորարարական տեխնոլոգիական լուծումներով պարզեցնել ԿԸՀ-ի կողմից իրականացվող գործընթացները, վերացնել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գումարային թիվը տեղամասում սահմանափակելու հանձնաժողովի իրավունքը, սահմանել միջազգային և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններին հրավեր ուղարկելու ընթացակարգը և այլն:

Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխություններն ուղղված են գործընթացի պարզեցմանը: «Շատ կարևոր է, որ մենք այսօրվանից բարձրաձայնենք, թե ինչ քվեարկություն ենք նախատեսում: Ըստ էության, տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի: Այսինքն՝ դարձյալ նախկինի նման յուրաքանչյուր քաղաքական ուժ ունենալու է իր քվեաթերթիկը, ընդ որում այդ քվեաթերթիկները հատուկ հաշվառման առարկա չեն լինելու, որովհետև այդ քվեաթերթիկները ծրարից դուրս և առանց համապատասխան դրոշմանիշի զրո արժեք ունեն»,-նշել է վարչապետը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ մարդու իրավունքների տեսանկյունից արված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացվել է ավելի քան 30 առաջարկություն՝ դիտորդների աշխատանքների, հաշմանդամություն ունեցող անձած ընտրական գործընթացի մատչելիության և այլնի վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հատուկ հանդիպում կազմակերպել Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ ներկայացված առաջարկությունները քննարկելու համար:

«Ճիշտ է, ժամանակը սուղ է, բայց նաև բավարար ժամանակ ունենք հանգիստ պայմաններում աշխատելու և քննարկելու բոլոր առաջարկները, որոնք ուղղված են երաշխիքներն ուժեղացնելուն, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտմանը որևէ բան չսպառնա»,-ասել է կառավարության ղեկավարը:

Օրինագծերի փաթեթը քննարկելու նպատակով կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին հոկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս օրերին ԱԺ խմբակցությունների, պատգամավորների, շահագրգիռ բոլոր կողմերի հետ պետք է շարունակել օրինագծերի շուրջ ակտիվ քննարկումները. «Գիտեմ, որ եղել են հրապարակային մի քանի քննարկումներ, բայց այս մի քանի օրերն էլ օգտագործենք, որպեսզի այն հնարավորինս մանրամասն քննարկվի, և ցայտնոտային էֆեկտներ չլինեն»:

Մեկնաբանություններ