Ընդունվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի եզրափակիչ հայտարարությունը

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստի ավարտին ընդունվել են եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ, որոնք հիմնվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365-րդ հոդվածի վրա:

Ընդունված փաստաթուղթն արտացոլում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս բնույթն ու երկուստեք կարեւորություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում եւ հարցերում դիրքորոշումներ:

Մասնավորապես, փաստաթղթում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչի առնչությամբ Խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին ցուցաբերել զսպվածություն? խուսափելու ներքաղաքական դաշտում լարվածության աճից, զերծ մնալ ատելության խոսքի ցանկացած դրսեւորումներից, անհանդուրժողականությունից եւ բռնությունից? նպատակ ունենալով չթուլացնել երկրի կայունությունը եւ հասարակական միախմբվածությունը: Կոմիտեն նաեւ կոչ է անում հայաստանյան իշխանություններին ապահովել, որ գալիք խորհրդարանական ընտրություններն անցնեն ժողովրդավարության, արդարության եւ թափանցիկության մթնոլորտում? բոլոր քաղաքական ուժերին տալով հնարավորություն իրականացնելու իրենց նախընտրական քարոզարշավները հանգիստ պայմաններում: Փաստաթղթում նշվում է, որ Ազգային ժողովին պետք է տրվի հնարավորություն Սահմանդրության շրջանակում իր գործառույթներն իրականացնելու համար: Կոմիտեն նաեւ հիշեցնում է Սահմանադրությանը համապատասխան օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքի կարեւորությունը:

Այս համատեքստում փաստաթուղթը նաեւ կոչ է անում հայաստանյան իշխանություններին իրականացնելու Եվրոպայի խորհրդի Վենետիկի Հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բոլոր առաջարկությունները, հատկապես այնպիսիք, որոնք վերաբերում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, ըստ անհրաժեշտության դիմել նաեւ միջազգային հանրության աջակցությանը, օրինակ Եվրոպական միությանը, մասնավորապես Եվրոպական խորհրդարանին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցին՝ կոմիտեն ափսոսանք է հայտնում հակամարտության հետեւանքով մարդկային շարունակական կորուստների համար: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ կոմիտեն խորը ափսոսանք է հայտնում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների հետ կապված, ինչը խլում է թե զինծառայողների եւ թե քաղաքացիական անձանց կյանքեր երկու կողմերից, խոչընդոտում է ամբողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Կոմիտեն նաեւ ընդունում է այն, որ ներկայիս ստատուս քվոն ոչ ընդունելի է ու ոչ էլ կայուն եւ որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Մեկնաբանություններ