Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը:
Նիստի ընթացքում «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը և Գագիկ Եղիազարյանը ցանկացան հայտարարություն անել, սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը նրանց թույլ չտվեց՝ նշելով, որ հայտարարությունները կանեն վերջում:
Արայիկ Խանդոյանն էլ դատավորին հայտնեց, որ անցած նիստին ևս իրենց թույլ չեն տվել հայտարարությամբ հանդես գալու՝ «Հելաք, փախաք սաղդ»,- ասաց նա, որից հետո Պավլիկ Մանուկյանն ու Արայիկ Խանդոյանը հեռացան դատական նիստերի դահլիճից:
Այնուհետև մեղադրող կողմը հրապարակեց գործում եղած գրավոր ապացույցները, որի ժամանակ ընթերցվեց գնդի գրավման օրերին «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին օգնություն ցուցաբերած բժիշկների գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները: ՊՊԾ գնդում գտնվելու ընթացքում բժիշկներին զանգահարել են նրանց հարազատները և հետաքրքրվել նրանց վիճակի մասին, որի ժամանակ բժիշկները հայտնել են, որ իրենց պատանդ չեն պահում, պարզապես պահանջում են, որ այլ բժիշկների ուղարկեն իրենց փոխարիինելու համար:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն էլ իր ընկերոջ հետ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ժամանակ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին և Լևոն Զուրաբյանին` հորդորելով, որ չենթարկվեն նրանց կոչերին. «Տղեքին ասա, որ Նիկոլին չլսեն: Էդ Նիկոլին տփեք, լարեք, շպրտեք զիբիլի վեդրոն»: