Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հանդես է եկել՝ ՄԱԿ-ում լրագրողների անվտանգության և պաշտպանության հարցերով հատուկ պաշտոն ստեղծելու առաջարկությամբ։
«Մենք առաջարկել ենք ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշին ՄԱԿ-ում հատուկ ներկայացուցիչ նշանակել՝ լրագրողների անվտանգությունը և պաշտպանությունն ապահովելու համար, քանի որ վերջին ժամանակաշրջանում մեզ շատ է անհանգստացնում այս թեման»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Հիշեցնենք, որ 2017 թվականին Մալթայում սպանվել է լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան։ Լրագրողը զոհվել է՝ իր մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից: Դեպքից ամիսներ առաջ նա բացահայտել է, որ Մալթայի վարչապետը և նրա կինը կապ ունեն Պանամայում գործունեություն ծավալող օֆշորային մի ընկերության հետ, որը համագործակցել է Ադրբեջանի իշխանությունների հետ: Սակայն Մալթայի վարչապետն ամբողջովին հերքել է այդ մեղադրանքը:
2018 թվականի փետրվարին Սլովակիայում սպանվել է նաև երիտասարդ լրագրող Յան Կուցիակը։ Վերջինս իր հոդվածներում բացահայտել է Սլովակիայի բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների կատարած խարդախությունները։ Լրագրողների մահվան դեպքերը մեծ տագնապ են առաջացրել ողջ Եվրոպայում: Սակայն բազմաթիվ պետություններում դեռևս շարունակում են խոչընդոտել լրագրողների գործունեությանը։
2018 թվականի ապրիլին Եվրախորհրդարանը Եվրոպական Միությունում ուսումնասիրել է լրատվամիջոցների ազատության մասին պատրաստված զեկույցի նախագիծը՝ Եվրոպական Միության անդամ երկրների կողմից լրագրողների հանդեպ աճող ճնշումների և հնչող սպառնալիքների վերաբերյալ։