Փաստաբանների պալատում գործում է ժողովրդավարական կառավարման ձև և բոլոր այն փաստաբանները, որոնք ունեն 10 և ավելի տարվա մասնագիտական ստաժ իրավասու են առաջադրվել ինքնաառաջադրման կամ մեկ այլ փաստաբանի միջոցով, որպես պալատի նախագահի թեկնածու, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Թե ինչո՞ւ չառաջադրվեցին, ես կարող եմ ենթադրել, որ իրենք վստահ չէին, որ փաստաբանների մեծամասնությունը վստահության քվեն իրենց կտրամադրի»,- կարծիք հայտնեց նա, նշելով, որ իր նախընտրական քարոզչությունը ինքն իրականացնում է ակտիվ և այն մոտեցմամբ, որ կան մի քանի թեկնածուներ:
Արա Զոհրաբյանը անդրադառնալով իր ընդդիմախոսների այն կարծիքներին, որ փաստաբանների պալատը ճնշումներ է գործադրում, հայտնեց, որ ի տարբերություն այլ մարմինների, փաստաբանների պալատը գերատեսչական շահ չունի, հետևաբար այս քայլով իր ընդդիմախոսները վիրավորում են փաստաբաններին. «Եթե իմ ընդդիմախոսները կարծում են, որ ես սխալ քաղաքականություն եմ վարում և իրենց մոտեցմամբ կործանարար գործունեություն եմ ծավալում, կարծում եմ, որ այս պայմաններում պետք է առաջադրեին իրենց թեկնածուին և փրկեին Փաստաբանների պալատն ինձանից»:
Խոսելով ընդդիմախոսների կողմից պալատին տված բնորոշումներից Ա. Զոհրաբյանը նշեց, որ ինքը վաղուց անեծքների և սուրճի բաժակ նայողների չի հավատում. «Մոտ օրերս ընտրությունն է և փաստաբաններն իրենք իրենց գնահատակը կտան»:
Զոհրաբյանի կարծիքով, չնայած նրան, որ ինքը միակ թեկնածուն է, դա դեռ չի նշանակում, որ ինքը ընտվելու է. «Փորձը ցույց է տվել, որ Փաստաբանների պալատի ընտրություններին մասնակցում են փաստաբանների մոտ 65 տոկոսը, իսկ 35-ը չի մասնակցում, և, եթե ես չհավաքեմ ընտրության մասնակիցների 50 տոկոսից ավել ձայն, ապա չեմ համարվի ընտրված»:
Նա նաև հայտնեց, որ փաստաբանները կարող են նաև դեմ քվեարկել, քանի որ քվեաթերթիկը բաղկացած է լինելու կողմ և դեմ ձայներից:
Խոսելով հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության պատճառների մասին, նա հայտնեց, որ յուաքանչյուր տարի ավելանում են գործերը և հանցավորությունների աճը. «Հանրային պաշտպանի գրասենյակում ամենակարևոր հարցը, որ դրվեց` որակի բարձրացումն էր ինչն էլ բերեց նրան, որ գործերի քանակը սկսեց ավելանալ»:
Մյուս պատճառը ըստ Ա. Զոհրաբյանի օրենսդրական խնդիրն է, քանի որ լինում են դեպքեր, երբ հանրային պաշտպանի ծառայությունից օգտվում են նաև վճարունակ անձինք:
«Նոր ծրագրով նախատեսում ենք, որ Փաստաբանների պալատը կարող է դիմել այն մեղադրյալի նկատմամբ գումարի բռնագանձման պահանջով, որը վճարունակ է և օգտվել է հանրային պաշտպանի գրասենյակի ծառայությունից»,- հայտնեց նա:
Արա Զոհրաբյանը նաև անդրադարձավ «Սարի Թաղի» և «Սասնա Ծռերի» գործերով փաստաբանների նկատմամբ կիրառված կարգապահական վարույթներին և դրանց ընթացքին, նշելով, որ հարուցվել են 30-ից ավել վարույթներ և 1 գործով արդեն կայացվել է որոշում:
«Հայկ Ալումյանի նկատմամբ կարգապահական վարույթը կարճվել է, իսկ մնացած գործերով խորհուրդն անպայման որոշում կկայացնի: Նախապատրաստական եզրակացություններին, որոնց ծանոթացել եմ, ներկայացված են հօգուտ փաստաբանների»,- ասաց նա:
Խոսելով դատական նիստերի ժամանակ կարգադրիչների կողմից փաստաբաններին զննության ենթարկելու մասին՝ նա նշեց, որ կատարվածը ոչ թե խուզարկություն է, այլ զննություն:
«Կածում եմ, զննությունն իրավաչափ է, ի վերջո ծանր քրեական գործ է, և մարդիկ են, որոնք զենքի օգնությամբ ինչ-որ օբյեկտ են գրավել: Պատկերացրեք, եթե չզննեն և մեկը մի նռնակ անցկացնի, տա այդ մարդկանց և մեկը փորձի այդ նռնակն օգտագործել»,- պարզաբանեց նա:
Նյութը՝ Ելենա Արամյանի