Այս տարի լրանում է ԵԱՀԿ-ի Գենդերային հավասարության խթանման գործողությունների ծրագրի տասնամյակը: Ծրագիրը միտված է խրախուսելու կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը խաղաղություն, բարգավաճում և կայունություն նվաճելու գործընթացներում: Հուլիսի 10-11 Վիեննայում առաջին ամփոփիչ համաժողովում անդամ երկրները քննարկում էին իրենց նվաճումները վերոնշյալ փաստաթուղթը իրացնելու հարցում:
Կանանց և տղամարդկանց հավասարությունը ենթադրում է հավասար իրավունքներ և հավասարություն օրենքի առջև, ռեսուրսների և ծառայությունների հավասար հասանելիություն թե’ ընտանիքում ու այլ հանրույթներում և թե’ ողջ հասարակությունում ընդհանրապես. հավասարությունը հանգեցնում է կանանց և տղամարդկանց հնարավորությանը` հավասար հիմքերով ներգրավվելու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում:
«Եթե գենդերային հավասարությունը իրականություն դառնա որևէ ոլորտում և հասարակության որևէ մակարդակում, թե’ տղամարդիկ և թե’ կանայք կշահեն այդ փոփոխությունից»,- գրված է 2004 թ. ընդունված Գենդերային հավասարության խթանման գործողությունների ծրագրում: Ծրագիրը ԵԱՀԿ այն գլխավոր ու համապարփակ փաստաթուղթն է, որով ԵԱՀԿ 57 անդամ պետությունները ստանձնում են որոշակի պարտավորություններ գենդերային հավասարության խթանման գործում իրենց պետություններում և ԵԱՀԿ կառույցում: ԵԱՀԿ-ի նվաճումներից մեկը կարելի է համարել հետևյալ ցուցանիշը. 2004 թ. համեմատությամբ կանանց ներգրավվածությունը ԵԱՀԿ ղեկավար պաշտոններում 15%-ից աճել է 34%-ի:
Փաստաթութղը շեշտում է հատկապես գենդերային հավասարության խթանումը անվտանգության ոլորտում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնությունները, աղետները, պատերազմները ազդում են կանանց վրա այլ կերպ, քան տղամարդկանց, ուստի Գենդերային հարցերով գլխավոր խորհրդատու Միրոսլավա Բեհամի համոզմամբ` կանանց ներգրավումը խաղաղարար գործողություններում խաղաղությունը դարձնում է ավելի հարատև:
Վիեննայի համաժողովի ժամանակ քննարկվեցին նաև այն մարտահրավերները, որ հանդիպում են գենդերային հավասարության խթանման գործընթացում: Այսպես` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տվյալներով` կան լուրջ խնդիրներ ներկուսակցական ժողովրդավարության և խորհրդարաններում կանանց ներգրավվածության հարցերում:
Համաժողովում մասնակիցները վերահաստատեցին գործողությունները շարունակելու իրենց պատրաստակամությունը` ապահովելու կանանց ներգրավվածությանը տնտեսական, քաղաքական և հասարակական այլ բնագավառներում` գիտակցելով դրա կարևորությունը ողջ հասարակության զարգացման գործում:
Աղբյուրը` www.osce.org