Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը շուրջ 30 րոպե ուշացումով սկսելուց հետո ընդմիջվեց, քանի որ դատարան չէին ներկայացել ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը և նրա պաշտպանը։
Վերջիններս որոշ ժամանակ անց ներկայանալուց հետո դատարանին հայտնեցին, որ դատական նիստի ժամը սխալ էին նշել իրենց մոտ, այդ պատճառով ճիշտ ժամանակին չեն ներկայացել։ Դատավորը որոշեց Վարազդատ Սաֆարյանի և վերջինիս պաշտպանի նկատմամբ կիրառել սանկցիա՝ նախազգուշացում, համարելով, որ ներկայացված պատճառաբանությունը անհիմն է։ Դատական սանկցիա՝ նախազգուշացում կիրառվեց նաև Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանի նկատմամբ, քանի որ վերջինիս բացակայության պատճառով նիստերը հետաձգվել էին։
Այնուհետև հարցաքննվեց գործով վկա Կարեն Ավանեսյանը։ Վկան պատմեց, որ ճանաչում է բոլոր ամբաստանյալներին և նրանց հետ ունեցել է սովորական հարաբերություններ, սակայն գործի հետ կապված ոչինչ չի հիշում․ «Ես ասելու բան չունեմ»։ Իր խոսքում վկան նշեց, որ հունվարի 28-ին ինքն եղել է վերակարգում, իսկ երեկոյան դադարից հետո գնացել է քնելու, դեպքի մասին էլ իմացել է առավոտյան։
«Դռան մոտից տեսել եմ, որ տեղերը արյունոտ են եղել ու միանգամից հետ եմ գնացել»,-իր խոսքում ասաց վկան՝ նշելով, որ Հայկազին տեսել է նաև 100 մետր հեռավորության վրա՝ կախված վիճակում։
Վկան նաև հայտնեց, որ նույն ննջասենյակում է քնել ամբաստանյալներից Մովսես Ազարյանի հետ, սակայն չի հիշում առավոտյան նա եղել է ննջարանում, թե ոչ։
Վկայի ցուցմունքից հետո հրապարակվեց նաև նրա նախաքննական ցուցմունքը, քանի որ առկա էին էական հակասություններ։ Իր նախաքննական ցուցմունքում վկան պատմել է, որ ամբաստանյալ Վաչե Սահակյանը «Երբեմն սրան, նրան նեղացնում էր», բացի այդ նշել է, որ Հայկազի մարմինը տեսել է 15 մետր հեռավորությունից, իսկ պաշտպանի հետ հարցման ժամանակ էլ նշել է, որ առավոտյան Մովսեսը ննջարանում քնած է եղել։
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան հայտնեց, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքը, քանի որ դա ավելի շուտ է գրել և ավելի շատ բան է այդ ժամանակ հիշել։
Վկայի հարցաքննությունից հետո դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ ռազմական ոստիկանությունը չի ապահովում վկաների ներկայությունն, այդ պատճառով դատարանն է քայլեր ձեռնարկում վկաներին դատարան բերելու ուղղությամբ։
Նշենք, որ գործով 30 վկաներից դատարանում դեռևս ցուցմունք չի տվել նրանցից 6-ը։ Դատավորը հայտնեց, որ վկաներից Սամվել Սերոբյանը զորացրվել է և գտնվում է հանրապետությունից դուրս՝ չներկայանալու դեպքում կարող է հրապարակվել նրա նախաքննական ցուցմունքը, իսկ մյուս վկաները կծանուցվեն, ինչպես նաև՝ գրություն կուղարկվի ռազմական ոստիկանություն նրանց ներկայությունն ապահովելու համար։
Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 27-ին:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:
Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:
Ելենա Արամյան