Դատավորը մերժեց Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդությունը. Պաշտպանը կդիմի ՄԻԵԴ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Սասնա ծռեր»-ի գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը:    

Նիստի մեկնարկին  Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի դատարանին տեղեկացրեց, որ տուժողներն այսօրվա դատական նիստին չեն ներկայացել, և ընդհանրապես, նրանք չեն ներկայանում, ինչին ի պատասխան դատավորը փաստեց, որ նախորդ դատական նիստի տուժողներից մի քանիսը ներկայացել էին:

Նշենք, որ Տիգրան Մանուկյանի և Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատական նիստերի դահլիճ չէր մտնում, քանի որ կարգադրիչները վերջինիս պայուսակից ազդանշան էին արձանագրում և պահանջում էին բացել: Դատական նիստի մեկնարկից մի քանի րոպե անց նիստերի դահլիճ եկավ պաշտպան Մուշեղ Շուշանյանը և դատարանին տեղեկացրեց դրսում կարգադրիչների կողմից պայուսակի բացելու հրահանգների մասին. «Իմ պայուսակի մեջ կան աշխատանքային պարագաներ, ես դրանք թողել եմ մեքենայի մեջ և եկել: Սա նոր խնդիր չէ»,- ասաց նա:

Պաշտպանը նաև տեղեկացրեց դատարանին, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում իրեն թույլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանյալներից Տիգրան Մանուկյանին, քանի որ դատարանի կողմից համապատասխան գրությունը բացակայում է: Դատավոր Արթուր Օհանյանը խոստացավ, որ նիստի ավարտից հետո այդ հարցը կկարգավորի:

Ամբաստանյալներ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի վերջինիս տեսակցությունների վրա դրված մասնակի արգելանքը վերացնեն, քանի որ վերջնիս հարազատները Հայաստանում չեն՝ միայն մերձավոր բարեկամներն են, որոնք էլ չեն կարողանում տեսակցել ամբաստանյալին: Պաշտպան Արայիկ Պապիկյանը ներկայացրեց այն մերձավոր հարազատների ցուցակը, որոնք կարող են տեսակցել:  Դատարանը միջնորդությունը բավարարեց և տեղեկացրեց, որ նիստից հետո համապատասխան գրություն կուղարկեն ՔԿՀ:

Ամբաստանյալ Արամ Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց իր և պաշտպան Տիգրան Եգորյանի կողմից, որով միջնորդում են այս գործից անջատված մասը միացնեն իրար, քանի որ բոլոր ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով, ապացույցներն ու վկաները նույնն են. «3 գործերչով էլ ուսումնասիրվելու են նույն ապացույցները, հրավիրվելու են նույն վկաները: Մասնավորապես վկաների հարցը շատ մտահոգիչ է․ մարդիկ կարող են տարբեր տեղերում տարբեր ցուցմունքներ տալ, այս դեպքում ո՞րը պետք է որպես ճշմարտություն ընդունել»,- իր միջնորդությունը հիմնավորեց նա: 

Պաշտպանները միացան միջնորդությանը. «Մեր այս ներկայացումը լրիվ ձևական բնույթ է կրում, մեր ասելով՝ նկատի ունեմ նաև Ձեզ»,-դատավորին ասաց պաշտպան Երվանդ Վարոսյանը. «Դիցուկ, ենթադրենք՝ առաջինը Դուք եք այս գործով վճիռ կայացնում, այդ պարագայում Դուք արդեն մեղավոր եք ճանաչում նաև մյուս 2 գործերով ամբաստանյալներին»:

Պաշտպան Լուսինե Սահակյանը ևս միացավ միջնորդությանը. «Ստացվում է այնպես, որ տարբեր նիստերի դահլիճներում, տարբեր օրերին, տարբեր ժամերին քննելու են նույն բանը: Մենք ձև ենք բռնում այստեղ, գոնե այս ձև բռնելը լինի Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան: Դուք պետք է այս գործերը միացնեք»,- ասաց նա:

Դատարանը միջնորդությունը  մերժեց. «Մենք իրավասու չենք նախորդ դատարանի որոշումը քննելու»,- ասաց դատավոր Արթուր Օհանյանը:

Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ: Միջնորդությունը հիմնավորեց այն բանով, որ վերջինս առողջապահական ծանր խնդիրներ ունի, իսկ ՔԿՀ-ի համապատասխան խուցը անհամատեղելի է վերջինիս հիվանդության հետ: Պաշտպանը մեջբերեց ՄԻԵԴ-ի գործերին որոշակի առնչություն ունեցող դատական որոշումները՝ հորդորելով դատարանին ճիշտ որոշում կայացնել, որպեսզի իր պաշտպանյալը կարողանա ազատության մեջ համապատասխան բուժօգնություն ստանալ:

«Քրեակատարողական հիմնարկի պայմաններն անմարդկային են, այնտեղ գնտվող առողջական խնդիրներ ունեցող մարդը ավելի է վատանում, իսկ եթե առողջ է՝ ապա անպայման ձեռք է բերում ինչ-որ հիվանդություն»,- ասաց նա:

Մեղադրող Ենոքյանը միջնորդության դեմ առարկեց, ասելով, որ այս հարցը դատարանի քննարկման առարկան չէ:

Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը:  Դատարանը խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո եկավ և միջնորդության վերաբերյալ դիրքորուշում հայտնեց: Դատարանը ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժեց:

Նշենք, որ պաշտպան Հայարփի Սարգսյանը դատարանին տեղեկացրեց, որ եթե վերոնշյալ միջնորդությունը մերժի, ապա ինքը դիմելու է ՄԻԵԴ:

Հավելենք, որ այս  մասով ամբաստանյալներն են՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գևորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 14-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

292 դիտում

Մեկնաբանություններ