Գործի շրջանակներում Դիմումատուները բողոք են ներկայացրել՝ Գուլիևին Ռուսաստանի Դաշնության տարածքից վտարելու որոշման վերաբերյալ։
Դիմումատու Նաթիգ Գուլիևն ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1975 թվականին, իսկ Դիմումատու Յուլիա Շեյնան՝ ազգությամբ ռուս է, ծնվել է 1988 թվականին։ Դիմումատուներն ամուսիններ են և, մինչև Գուլիևին Ռուսաստանից արտաքսելու որոշման հրապարակումը, բնակվել են Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում։
Դիմումատուները միասին են ապրում 2004 թվականից և ունեն երեք երեխա։ 2012 թվականին Դիմումատուներն ամուսնացել են Ռուսաստանի մզկիթներից մեկում, երբ Գուլիևն առանց մուտքի արտոնագրի Ռուսաստան է վերադարձել։ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու համար Դիմումատուի թույլատրության ժամկետը լրացել է 2012 թվականի նոյեմբերին, և 2013 թվականի դեկտեմբերին նա ձերբակալվել է՝ թույլատրության ժամկետը չերկարաձգելու պատճառով։
Դիմումատուն հայց է ներկայացրել դատարան, որի մեջ նշել է, որ հրաձգության միջադեպի ժամանակ վնասվածք է ստացել և առողջական խնդիրների պատճառով չի կարողացել երկարաձգել ՌԴ տարածքում գտնվելու իր թույլտվությունը։ Այնուամենայնիվ, 2014 թվականի մարտին Ռուսաստանի Դաշնության դատարանը Դիմումատու Գուլիևին երկրից վտարելու որոշում է կայացրել։
2014 թվականի հուլիսին սրտի բնածին արատով ծնվել է Դիմումատուների երրորդ երեխան։ 2014 թվականի օգոստոսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Դիմումատու Գուլիևի ներկայացրած պահանջի ժամանակավոր բավարարումը՝ իր երեխային այցելելու համար Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելը։
Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուները բողոքել են Գուլիևին երկրից արտաքսելու որոշման և 5 տարով երկիր մուտք գործելու արգելք սահմանելու մասին։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուների բողոքը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար երկու Դիմումատուներին միասին վճարել 7.500 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։