Քիչ առաջ Ժիրայր Սեֆիլյանի աջակիցները Վճռաբեկ դատարանից երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենքի դիմաց և այստեղ բողոքի ակցիա իրականացրին:
Աջակիցները պահանջում են, որպեսզի Ժիրայր Սեֆիլյանը և մյուսները բաց թողնվեն՝ նշելով, որ երկրում իրավիճակ է փոխվել, և նրանք հանրության համար չեն կարող որևէ վտանգ ներկայացնել: Աջակիցներից Վահագն Ավագյանը հայտնեց, որ դատախազությունը կարող է միջնորդել, որպեսզի Ժիրայր Սեֆիլյանի և մյուս քաղբանտարկյաների կալանքի խափանման միջոցը փոխվի:
Վերջինս նշեց, որ փաստաբան Արայիկ Պապիկյանը քիչ հետո Դատախազությանը գրավոր կերպով կներկայացնի այդ պահանջները: Այնուհետև ակցիայի մասնակիցները դադարեցրին իրենց ակցիան՝ նշելով, որ կսպասեն մինչև հաջորդ դատական նիստը, որից հետո կիրականացնեն համարժեք գործողություններ:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցող նիստի ժամանակ՝ Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին չէին բերել դատարան: Ինչը զայրացրեց Սեֆիլյանի աջակիցներին և վերջիններս սկսեցին հայհոյանքներ հնչեցնել դատարանի հասցեին:
Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ արդեն 2-րդ շաբաթն է, ինչ իրենց պաշտպանյալներին դատարան չեն բերում և դատարանները պատճառաբանում են, որ իրենք ոչինչ չեն կարող անել:
«Եթե իրենք ոչինչ չեն կարող անել, հետևաբար իրենք իրավունք չունեն ծառայելու մեզ և պարտավոր են իրենց մանդատները ցած դնել, ուղղակի հեռանալ: Նրանք պատրաստ չեն ծառայելու մեզ և իրավունք չունեն ուղղակի շարունակել»,- իր խոսքում նշեց նա: