Բացահայտվել են գողության մի շարք դեպքերի հանգամանքներ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած գողության մի շարք դեպքեր, հայտնաբերվել գողոնը։

Տվյալներ են  ձեռք բերվել նույն անձանց կողմից խմբի կազմում կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ:

2017թ. օգոստոսի 28-ին ահազանգ էր ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքում գործող ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահից հափշտակվել են երաժշտական գործիքներ՝ պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում։

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ռեստորանից կատարված գողության՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հայտնաբերվել գողացված գործիքներից մեկը՝  ստեղնաշարային գործիքը և ներկայացվել ճանաչման։ Գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ։
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ գողությանը մասնակցություն  են ունեցել նաեւ այլ անձինք, որոնց շրջանակը հստակեցնելու, ինքնությունը պարզելու եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ համարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումները շարունակվում են։

Պարզվել է նաեւ, որ  նույն խմբի կողմից են կատարվել նաեւ 2017 թվականի օգոստոսին «Հայփոստ» ՓԲԸ-ի «Հարավ» փոստային մասնաճյուղի Ջերմուկի փոստային բաժանմունքից, ինչպես նաև Արարատի մարզի Նորաշեն գյուղում  ավտոմատ անջատիչների եւ պղնձե մալուխների գողությունը։

Քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձանց կողմից կատարվել են այլ առերևույթ հանցավոր արարքներ եւս։ Հրապարակելով նրանց լուսանկարները՝ խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր տուժել են նրանց գործողություններից ՝ դիմեն   ՀՀ քննչական կոմիտեի  Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ